Հայաստանի վարչապետի ընտրությունը տեղի կունենա մայիսի 1-ին: Արա Բաբլոյանը հայտնել է, որ այդ օրը ժամը 12:00-ին Ազգային ժողովի հատուկ նիստ կգումարվի: Նշենք, որ Սերժ Սարգսյանը վարչապետի պաշտոնից հրաժարական ներկայացրեց ապրիլի 23-ին, նույն օրը նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը: Դրանից հետո խորհրդարանական խմբակցությունները 7-օրյա ժամկետում պետք է վարչապետի թեկնածու առաջադրեն: Վերջնաժամկետն ապրիլի 30-նն է:

Առայժմ թեկնածու է առաջադրել միայն «Ելք»-ը՝ Նիկոլ Փաշինյանին: Այստեղ կարծում են, որ իրենց թեկնածուին կպաշտպանի նաեւ «Ծառուկյան» խմբակցությունը: Փաշինյանն արդեն հանդիպել է Ծառուկյանի հետ, սակայն վերջինի գլխավորած դաշինքը վարչապետի թեկնածուի հարցով որոշում դեռ չի կայացրել: Ավելին, մամուլում տեղեկություններ կան, որ խմբակցությունն առաջադրելու է Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը: Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ ժողովրդի դեմ ոչ մի քայլ չեն անի՝ չպարզաբանելով, սակայն, թե ինչ է դա նշանակում: Նա միայն հավելել է, որ իրենց որոշման մասին կհայտնեն մինչեւ ապրիլի 30-ը:

Վարչապետի թեկնածուի հարցում որոշում չունի նաեւ Դաշնակցությունը: Ամեն դեպքում, փորձագետները քիչ հավանական են համարում, որ կոալիցիոն գործընկեր Հանրապետականի հետ կապերը խզած եւ ընդամենը 7 պատգամավոր ունեցող խմբակցությունն առանձին թեկնածու կառաջադրի: Կուսակցության հայաստանյան կառույցի ներկայացուցիչը հայտարարել է, որ հանդիպելու են Նիկոլ Փաշինյանի հետ:

Ինչ վերաբերում է Հանրապետականին. այսօր կամ վաղը կուսակցությունը նիստ է գումարելու՝ քննարկելու վարչապետի թեկնածության հարցը: Երեկ Հանրապետական խմբակցության պատգամավորները հանդիպել են Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ, իսկ հետո հայտարարվել է, որ ՀՀԿ-ն պատրաստ է առանց նախապայմանների բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Բացի այդ՝ կուսակցության ղեկավար մարմիններում սկսելու են քննարկել կուսակցության նախագահի, այսինքն՝ Սերժ Սարգսյանի փոփոխության հարցը:

«Իմ քայլը» նախաձեռնությունը վաղը Երեւանում ակցիաներ չի անելու: Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի մասնակիցներին խորհուրդ է տվել փոքր-ինչ հանգստանալ եւ ուժ հավաքել, քանի որ ապրիլի 29-ից Երեւանում բողոքի գործողություններն աննախադեպ թափով են վերսկսվելու: Իսկ ինքը՝ Փաշինյանը, շարժման ակտիվիստների հետ ապրիլի 27-ին եւ 28-ին Գյումրիում եւ Վանաձորում կլինի: Ցանկացողներին առաջարկել է ժամը 18:00-ին միանալ դեպի Գյումրի իրենց ավտոերթին: Փաշինյանը նաեւ նորից Կարեն Կարապետյանին «Մարիոթ» հյուրանոցում հանդիպման հրավեր է ուղղել: Բանակցությունների համար նա մեկ պայման է առաջադրել՝ լրատվամիջոցների ներկայություն:

Իսկ այսօր «Իմ քայլը» նախաձեռնության մասնակիցները նորից երթ են անցկացրել Երեւանում: Փաշինյանը մարդկանց կոչ է արել առայժմ մայրաքաղաքում փողոցներ չփակել: Միաժամանակ, նա տեղեկություններ է ստացել, որ Երեւանում բազմաթիվ վարորդներ երթեւեկում են առանց համարանիշերի կամ համարանիշերը փակած մեքենաներով: Փաշինյանն ակտիվիստներին ինքնակազմակերպվելու եւ նման դեպքերը կանխելու կոչ է արել: Հավելենք, որ այսօր բողոքի ակցիային միացել է նաեւ կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: Նա միացել է երթի մասնակիցներին եւ ծաղիկներ բաժանել ցուցարար կանանց:

Կառավարության այսօրվա նիստը վարել է վարչապետի պաշտոնակատարը: Կարեն Կարապետյանի հանձնարարականները վերաբերել են երկրում ստեղծված իրավիճակին: Նա իրավապահներին զգոնության եւ հանդուրժողականության կոչ է արել: Ստեղծված իրավիճակին նիստից հետո կայացած ճեպազրույցում անդրադարձել է նաեւ ֆինանսների նախարարի պաշտոնակատարը: Հանրապետական Վարդան Արամյանը նախ հավաստել է, որ վարչապետի թեկնածուի հարցով որեւէ տեղեկություն չունի. դեռ քննարկումներ պետք է լինեն: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականին. պաշտոնյան նշել է, որ միջազգային ներդրողների կողմից այդ քայլը դրական է ընկալվել: Լրագրողները Վարդան Արամյանին նաեւ հարցրել են, թե առաջարկի դեպքում պատրա՞ստ է աշխատել Նիկոլ Փաշինյանի թիմում:

Նիկոլ Փաշինյանը երեկ չէր բացառել, որ կառավարության որոշ անդամներ շարունակեն պաշտոնավարել, իսկ ավելի ուշ Արարատ Միրզոյանը Facebook-ում գրել է, թե նոր կառավարությունում պաշտպանության նախարարի պաշտոնի հիանալի թեկնածու է համարում Դավիթ Տոնոյանին: ԱԻ նախարարի պաշտոնակատարը նշել է, որ չի պատրաստվում արձագանքել որեւէ պաշտոնի առաջարկի եւ շարունակելու է պաշտոնավարել այնքան ժամանակ, քանի դեռ նախագահն իրեն չի ազատել պարտականությունների կատարումից:

Իշխող կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալուց հետո դաշնակցական պաշտոնյաները հրաժարական են տալիս: Հրաժարականի դիմում են ներկայացրել նախարարի պաշտոնակատարներ Դավիթ Լոքյանը, Լեւոն Մկրտչյանն ու Արծվիկ Մինասյանը, ինչպես նաեւ Շիրակի եւ Արագածոտնի մարզպետեր Արթուր Խաչատրյանն ու Աշոտ Սիմոնյանը:

Նշենք, որ նախօրեին էլ հրաժարական էր ներկայացրել սպորտի նախարարի պաշտոնակատար Հրաչ Ռոստոմյանը: Նա պարզաբանել է, որ լինելով ԲՀԿ-ի համակիր՝ այսպես է արձագանքում բողոքի ակցիաներին միանալու Գագիկ Ծառուկյանի կոչին եւ անձամբ փողոց է դուրս գալու:

Երեւանում ապրիլի 24-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով հիվանդանոց տեղափոխված 1-ամյա երեխան այսօր մահացել է: Փոքրիկը մեքենայում ծնողների հետ է եղել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանց մեքենային հետեւից հարվածել է «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչի հետեւանքով տաքսու վարորդ Դավիթ Արզումանյանը կորցրել է մեքենայի կառավարումը եւ դուրս եկել երթեւեկելի գոտուց: Վթարի հետեւանքով վնասվածքներ են ստացել նաեւ փոքրիկի մայրն ու տաքսու վարորդը: Ընտանիքի մտերիմներից մեկը Facebook-ում գրել էր, թե «Օպելը» փակ համարանիշերով է եղել, իսկ 29-ամյա վարորդը դեպքի վայրից փախուստի է դիմել: Այսօր, սակայն, նա ոստիկանություն է ներկայացել: Իրավապահները չեն հաստատում փակ համարանիշով մեքենան վարելու մասին տեղեկությունը:

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է: Ռուսական աղբուրների համաձայն՝ դերասանը սրտի կաթված է ստացել: Բժիշկները տեղեկացրել են, որ Ջիգարխանյանը կոմայի մեջ է, միացված է արհեստական շրջառության սարքին: Նրա վիճակի մասին այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում:

93-ամյա Շառլ Ազնավուրը Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է: Երեկ երեկոյան այստեղ պետք է կայանար նրա համերգը, սակայն փորձի ժամանակ Ազնավուրի ինքնազգացողությունը վատացել է: Մասնագետները նշել են, որ շանսոնյեի առողջական վիճակը լուրջ մտահոգություն չի առաջացնում: Բժիշկների խոսքով՝ նրա մոտ ընդամենը մկանային ջղաձգում է եղել: Ազնավուրն արդեն վերադարձել է Փարիզ՝ կազդուրվելու: Պետերբուրգում կայանալիք համերգը տեղափոխվել է հաջորդ տարվա ապրիլ, քանի որ այս տարվա ժամանակացույցում ազատ օրեր արդեն չկան: Ապրիլի 28-ին էլ նախանշված է Ազնավուրի համերգը Մոսկվայի Կրեմլյան պալատում. այս ելույթի հնարավոր հետաձգման մասին տեղեկություն առայժմ չկա:

Ապրիլի 26-ին դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 586, ռուբլունը՝ 7 դրամ 68 լումա, ֆունտինը՝ 671 դրամ:

Ապրիլի 27-30-ը հանրապետության շրջանների զգալի մասում կեսօրից հետո տեղումներ են սպասվում, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես կարճատեւ տեղումներ են սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +9+11, ցերեկը՝ +24+26 աստիճան տաքություն: