Նոր Հայաստանը ավելի ժողովրդավար երկիր է, քան սրանից մի քանի ամիս առաջ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին ասել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը:

Նրա խոսքով, հարցի լուծումը պետք է լինի միայն Սահմանադրության սահմաններում: «Ես կարծում եմ, ճիշտ ընթացքով էլ հիմա ընթանում է: Անկախ նրանից, թե ինչպիսի կարծիքներ կան, քննարկում է պետք է ի վերջո տեղափոխվի Ազգային ժողով: Ազգային ժողովում պետք է լինեն քննարկումներ, քվեարկություն: Դրանից հետո դա պետք է լինի այն որոշումը, որ Ազգային ժողովը ընդունում է: Եվ դա հանգուցալուծումը պետք է լինի»,- ասել է նախագահը:

Դիտարկմանը, թե ընդդիմությունը ներկայացնում է վարչապետի թեկնածու, Սարգսյանը պատասխանել է. «Եկեք մանրամասների մեջ չմտնենք, որովհետեւ ցանկացած քաղաքացի այսօր Երեւանում շատ լավ գիտի: Ես մեկ ուրիշ հարցի շուրջ ուզում էի Ձեր հետ խոսել: Իհարկե, ինչպես Դուք ասացիք, ամբողջ ազգը, ազգ ասելով, հասկանում եմ ոչ միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, նաեւ՝ Արցախի եւ սփյուռքի: Բոլորը հետաքրքրված են, հետեւում են: Իրոք, մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ ենք, այնպես որ, կարծիքներ մարդիկ արտահայտում են Լոս Անջելեսից սկսած մինչեւ Վլադիվոստոկ: Սակայն մի բան չպետք է մոռանանք: Այս ընթացքում երբեք չպետք է մոռանանք, որ պետական կառույցը պետք է ամուր մնա: Հայաստանի նման երկիրը իրեն չի կարող թույլ տալ՝ շրջապատված լինելով այն խնդիրներով, որի մասին մենք շատ լավ գիտենք, Արցախը շրջապատված լինելով անցանկալի հետեւանքներով, պատերազմական գործողություններով․․․ Նաեւ ներքին կառույցը: Մենք չենք կարող թույլ տալ, որ, ասենք, ոստիկանությունը չաշխատի, չենք կարող թույլ տալ, որ անվտանգությունը չաշխատի, չենք կարող թույլ տալ, որ համալսարանը որպես կառույց փլուզվի, որովհետեւ ուսանողը դրսում է: Ի վերջո ուսանողը պետք է գիտակցի, որ մի քանի օրից վերադառնալու է իր հիմնական աշխատանքին»: