Դուբլինի սուրբ հովանավորի 800 տարեկան սիրտը գողությունից 6 տարի անց վերադարձվել է քաղաքի մայր տաճար, հաղորդում է Reuters-ը:

Լոուրենս Օտուլը՝ Դուբլինի առաջին իռլանդացի արքեպիսկոպոսի սիրտը 2012-ին գողացվել էր Քրիստոսի տաճարից: Ընդ որում գողը չէր տարել արժեքավոր ոսկյա արտեֆակտները, այլ գողացել  սրտաձեւ փայտե արկղում պահվող սիրտը:

Արքեպիսկոպոս Օտուլը մահացել է 1180 թվականին Հյուսիսային Ֆրանսիայում, սակայն նրա սիրտը Դուբլին է վերադարձվել եւ տեղադրվել այն տաճարում, որտեղ ավելի քան 800 տարի պահվում էր:

Ոստիկանության ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանել լուրերն այն մասին, որ սպաները սիրտը հայտնաբերել են Դուբլինի Ֆենիքս այգում: Նրանք չեն հաղորդել նաեւ՝ ձերբակալել են գողին, թե ոչ: