ԱՄՆ տեղափոխված Վիլ Միրզայանովն ու Ռուսաստանում բնակվող Վլադիմիր Ուգլյովը, ովքեր իրենց Արեւմուտքում ներկայացնում էին որպես «Նովիչոկ» կոչվող քիմիական նյութի փորձագետներ եւ դրա մշակողներ, ստում են, հայտարարել է Շիխանի փակ վարչատարածքային կազմավորման ղեկավար Անդրեյ Տատարինովը, փոխանցում է «Վզգլյադ»-ը: «Միրզայանովի կողմից Ռուսաստանի հասցեին հնչող բոլոր մեղադրանքները, որքանով որ ես տեղեկացել եմ քաղաքի բնակիչներից, որոնք նրանց հետ աշխատել են, լուրջ չեն»,- նշել է նա:

Տատարինովը նշել է, որ Միրզայանովը եւ Ուգլյովը իրենց ներկայացրել են որպես քիմիական նյութի  մշակողներ, իսկ իրականում «միայն անուղղակի կերպով աշխատել են մարտական թունավոր նյութերի ստեղծման ծրագրի վրա»:

Քիմիկոս Վիլ Միրզայանովը քիմիական զենքի ոլորտի մասնագետ է, ով դատապարտվել էր պետական դավաճանության համար եւ ավելի քան 20 տարի առաջ արտագաղթել էր ԱՄՆ: Նա միակ մասնագետն է, որը իր գրքում հրապարակել է «Նովիչոկ» մարտական թունավոր նյութի ֆորմուլան: Արեւմտյան ԶԼՄ-ները նրան «Նովիչոկ»-ի ստողծող են համարում:

Միրզայանովը նշել էր, որ Սկրիպալների թունավորման ժամանակ օգտագործված «Նովիչոկ»-ը թերություն ունի՝ բարձր հիդրոխոցելիությունը: Նրա խոսքով՝ այդ նյութն Անգլիայում չէր կարելի օգտագործել, որտեղ «մառախուղ էր»: Միրզայանովի կարծիքով՝ նման գաղափար «միայն ապուշի մոտ» կարող էր ծնվել, ով ծանոթ չէ նյութի բնութագրությանը: