«Վիքիփեդիա» ինտերնետային ազատ հանրագիտարանում հայերեն հոդվածներ ստեղծվում են 2005 թ.-ից։ Ներկայումս հանրագիտարանում տեղակայված է 12 324 հայերեն հոդված։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հանրագիտարանի հայերեն տարբերակի ադմինիստրատորներից Ալեքսեյ Չալաբյանը։ Համեմատության համար նշենք, որ վրացերեն լեզվով հոդվածների թիվը 45 300 է, իսկ ադրբեջաներենով՝ 50 800:

Ա. Չալաբյանի խոսքով՝ հանրագիտարանում կարեւորը ոչ թե հոդվածների քանակն է, այլ՝ դրանց որակը։ «Մենք կարող ենք շատ արագ ավելացնել հայերեն հոդվածների քանակը, մի քանի հազար կարճ հոդվածներ գրելով, սակայն դրա հաշվին կարող է տուժել որակը»,-ասաց Ա. Չալաբյանը։

Նրա խոսքով՝ նախորդ տարվա աշնան հետ համեմատած հանրագիտարանում հայերեն հոդվածներ պատրաստող կամավորների քանակը նվազել է։

«Հին մասնակիցները, որոնք նախկինում ուսանողներ էին, այժմ արդեն մեծացել են, եւ ժամանակ չեն գտնում այս հասարակական գործի համար, իսկ նոր կամավորները շատ չեն»,-ասաց Ա. Չալաբյանը։

Նշենք, որ ինտերնետային ամենահայտնի հանրագիտարանը` «Վիքիփեդիան», ստեղծվել է 2001 թ. հունվարի 15-ին։ Ներկայումս կայքում 26 միլիոն հոդված կա, այցելուների թիվն ամսական 440 միլիոն է: «Վիքիպեդիան» հրապարակվում է 260-ից ավելի լեզվով, այդ թվում՝ հայերեն։ «Վիքիպեդիայում» կարելի է հոդվածներ հանդիպել նույնիսկ մեռած լեզուներով: