Բլոգեր Ալեքսանդր Լապշինը մտադիր է դատական հայց ներկայացնել Ադրբեջան դեմ:

«Ինձ մշտապես հարցնում են, իբր, ինչու եմ կառչել Ադրբեջանից եւ որն է իմ վերջնական նպատակը: Շատ պարզ է: Նպատակս է՝ պատժել նրանց հանցագործությունների համար, սա՝ մեկ: Երկրորդ՝ ամբողջ աշխարհին տեղեկացնել, թե ինչ է անում Բաքվի ռեժիմը ոչ միայն ինձ հետ, այլեւ, առաջին հերթին, իր սեփական քաղաքացիների նկատմամբ: Վերջը լինելու է նույնը, ինչ եւ դժբախտ ամերիկացի զբոսաշրջիկի պատմության դեպքում, որին տանջել էին Հյուսիսային Կորեայում: Ստրասբուրգում Բաքվի դեմ հայցին զուգահեռ՝ շուտով եւս մեկ հայց կլինի Ադրբեջանի դեմ, բայց արդեն ԱՄՆ-ում: Իսկ հետո կասպիական այդ երկիրը կջնջեմ իմ աշխարհի քարտեզից եւ խոստանում են այլեւս չհիշատակել նրանց մասին:

Ես նրանց առաջարկեցի ինձ շփացնել շուրջ մեկ տոննա խավիարով՝ շեկելով արտահայտված: Դա ավելի էժան եւ դյուրին է, քան իրադրությունը եռման աստիճանի հասցնելը: Դեռ լռում են, հավանաբար՝ հաշվում են, թե որքան խավիար է մնացել եվրոպացի պատգամավորներին առնելուց հետո»,- Facebook-ում գրել է Լապշինը:

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հայցով, որ նրան «սեւ ցուցակում» էր ներառել՝ առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու համար: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշել էր բավարարել Ադրբեջանի հայցն ու արտահանձնել Լապշինին: Բաքվի դատարանը բլոգերին 3 տարի ժամկետով ազատազրկման էր դատապարտել:

2017թ. սեպտեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին հրամանագիր էր ստորագրել: Միաժամանակ, պարզվել է, որ բանտում Լապշինի գրեթե ինքնասպանության են հասցրել: