Ով կփորձի ժողովրդի հաղթանակը գողանալ, գնալու է Սերժ Սարգսյանի հետեւից: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, վանաձորի Հայքի հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, շատերը փորձում են ներկայացնել, թե այս բանավեճը անձերի մասին է, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, իրականում խոսքն այն մասին է, թե արդյոք լուծում ենք քաղաքական ճգհնաժամը, թե խորացնում:

«Եթե վարչապետ ընտրվեց որեւէ այլ մեկը, ապա բողոքի ակցիաները շարունակվելու են տասնապատիկ ծավալներով Հայաստանում եւ Սփյուռքում: Կարեն Կարապետյանը վերջին օրերին փորձում էր ժողովրդի ձեռքից գողանալ հաղթանակը եւ փորձում էր իր համար հենարան գտնել, դաշնակիցներ գտնել եւ ուրիշ մարդկանց ներքաշել անազնիվ ու հակաժողովրդական խաղերի մեջ: Ես ուրախ եմ, որ այսօր ԱԺ պատգամավոր մյուս Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Կարեն Կարապետյանն իր կարծիքով չպետք է առաջադրվի վարչապետի թեկնածու:

Ես հույս ունեմ, որ մյուս խմբակցությունները եւս կգնահատեն ստեղծված իրավիճակը եւ կհայտարարեն, որ ոչ միայն թեկնածու չեն առաջադրելու, այլեւ առանց նախապայմանների պաշտպանելու են ժողովրդի թեկնածուին: Հակառակ դեպքում... հակառակ դեպք չի լինելու»,-հայտարարեց Փաշինյանը:

Հանրահավաքից հետո երթ սկսվեց Վանաձորի փողոցներում:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: