Այսօր ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում ասում է, որ ոչ մի գործողություն չի ձեռնարկելու. բայց այդ հայտարարության երկրորդ մասում կա հատված, որտեղ խոսվում է սադրիչ խմբերի մասին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 28-ին, վանաձորի Հայքի հրապարակում կայացած հանրահավաքում հայտարարեց «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

«Ես հույս ունեմ, որ այդ պարբերությունը չի գրվել ոստիկանությանը ոչ խելամիտ քայլերի մղելու համար: Եթե Երեւանի որեւէ հատվածում փշալարեր, հատուկ տեխնիկա երեւա, դա մեր կողմից կարժանանա խիստ եւ բացասական գնահատականի: Երեւանում փշալարեր, ջրցաններ, վահաններ չպետք է լինեն: Պետք է լինեն ոստիկաններ, որոնք պետք է ապահովեն մեր ակցիաների անվտանգությունը»,-հայտարարեց նա:

Փաշինյանը նշեց, որ այս պահից սկսած Հայաստանում չկան ու չեն լինելու բարիկադներ. «Հետեւաբար, բարիկադների բացակայությունը մեզ ոստիկանությանը, ԱԱԾ-ին դնում են նույն կողմում: Մենք նույն կողմում ենք, մենք դեմ դիմաց չենք կանգնած»:

Նշենք, որ ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման 11 օր տեւած բողոքի ակցիաներից հետո, ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել:

Փաշինյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ին իշխանությունների հետ շարունակելու են բանակցությունները՝ իշխանության անցնցում փոխանցման շուրջ, սակայն ապրիլի 24-ի երեկոյան պարզ դարձավ, որ հանդիպումը չի կայանա: Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ Փաշինյանը միակողմանի նոր պահանջներ է առաջադրել: