Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը, որն այժմ Սոֆիայում է եւ մասնակցում է ԵԼԴՄ խորհրդի նիստին, հայտնում է, որ այսօր Սոֆիայում Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Դաշինքը (ALDE) միաձայն եւ բուռն ծափահարությունների ներքո՝ Հայ Ազգային Կոնգրեսի առաջարկով ընդունեց ժողովրդավարության համար պայքարող Հայաստանի ժողովրդին սատարելու բանաձեւ, պահանջելով քաղաքական ճգնաժամը լուծել այնպիսի արտահերթ ընտրություններով, որոնք կվայելեն հանրության լիարժեք վստահությունը:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է. «2018 թ. ապրիլի 28-ին Սոֆիայում գումարված Եվրոպայի Լիբերալների եւ Դեմոկրատների Դաշինքի (ALDE) խորհուրդը՝
Ողջունում է Հայաստանում 2018 թ. ապրիլի 16-ից սկիզբ առած Հայաստանի ժողովրդի՝ արդյունավետ ժողովրդավարական կառավարման համակարգ հաստատելու եւ ազատ, արդար, բաց ու ընտրողների վրա որեւէ ճնշում եւ ընտրակաշառքը բացառող ընտրությունների միջոցով սեփական իշխանություն ձեւավորելու իղձերի իրականացմանն ուղղված ժողովրդական բողոքի ցույցերի կազմակերպված եւ խաղաղ բնույթը։

Հորդորում է Հայաստանի իշխանություններին ձեռնպահ մնալ խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրումից եւ լրջորեն բանակցություններ սկսել հանուն ժողովրդավարության ծավալված համաժողովրդական շարժման հետ, որպեսզի քաղաքական ճգնաժամը լուծվի այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրություններով, որոնք կվայելեն հանրության լիարժեք վստահությունը»։