Ես հայտարարել եմ, որ ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնելու, բայց չենք ասում, որ ԵՏՄ-ում խնդիրներ չկան. մենք բոլոր այդ խնդիրները ԵՏՄ անդամ երկրների հետ կքննարկենք: Այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ընդդիմադիր շարժման առաջնորդ, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, որին «Ելք» խմբակցությունն արդեն իր նիստում առաջադրել է վարչապետի թեկնածու:

Հիշեցմանը, որ ժամանակին «Ելք» խմբակցությունը Աժ-ում բարձրացրել էր ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը, հիմա հրաժարվե՞լ եք ԵՏՄ-ից դուրս գալու ձեր դիրքորոշումից, Փաշինյանը նշեց. «Երբ դու ընդդիմություն ես, ընդդիմությունը հնարավորություն չունի այս կամ այն կառույցում եղած պրոբլեմները քննարկել այդ կառույցի գործադիր մակարդակում, այսինքն համապատասխան երկրների իշխանությունների հետ: Ընդդիմության պարագայում դա տարբերակներից մեկն է, որպեսզի խնդիրները բարձրաձայնվեն եւ համապատասխան արձագանք ստանան: Երբ դու իշխանություն ես, հնարավորություն ունես այդ բոլոր պրոբլեմները համապատասխան փաստաթղթերով գնալ եւ քննարկել գործընկեր երկրների հետ եւ համբերատար, երկխոսության մթնոլորտում բոլոր խնդիրները լուծել: Ես համոզված եմ, որ մեր քննարկումների արդյունքում մենք դրական արդյունքներ կունենանք»:

Այսինքն ԵՏՄ-ից դուրս գալու հարցն առկախվա՞ծ է, թե դիրքորոշման փոփոխություն է եղել, հարցին էլ արձագանքեց. «Ես հայտարարել եմ, որ ԵՏՄ-ից դուրս գալու խնդիր չենք դնելու, բայց չենք ասում, որ ԵՏՄ-ում խնդիրներ չկան. մենք բոլոր այդ խնդիրները ԵՏՄ անդամ երկրների հետ կքննարկենք: Այս դեպքում խոսքը «Ելք» խմբակցության մասին չէ, այլ Հայաստանի հնարավոր պոտենցիալ նոր կառավարության դիրքորոշման մասին է»:

Հիշեցնենք, որ վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: