«Իմ քայլը» մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի եւ Փաշինյանի հեռախոսազրույցից։

Նշենք, որ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վես Միտչելը այսօր՝ ապրիլի 30-ին, հեռախոսազրույց է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հետ:

«Իմ քայլը» նախաձեռնությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նրանք քննարկեցին Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը եւ թե ինչպես են լուծում գտնում Հայաստանի ժողովուրդը եւ նրանց խորհրդարանական ներկայացուցիչները: Պետքարտուղարի տեղակալ Միտչելը շեշտեց, որ ԱՄՆ կառավարությունը վստահ է, որ ընթացիկ իրավիճակը խաղաղ հանգուցալուծում կունենա՝ ըստ Հայաստանի սահմանադրության եւ իրավունքի գերակայության:

Նշելով, որ ուշադիր հետեւում է հայաստանյան իրադարձությունների ընթացքին՝ պետքարտուղարի տեղակալ Միտչելը ցույցերի խաղաղ բնույթի հետ կապված կրկին գովեստով արտահայտվեց Հայաստանի ժողովրդի մասին եւ հույս հայտնեց,  որ թե՛ անվտանգային ուժերը, թե՛ խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից:

Նա նաեւ նկատեց, որ ԱՄՆ կառավարությունը պատրաստ է սերտորեն գործակցել Հայաստանի նոր կառավարության հետ՝ նպատակ ունենալով ի շահ երկու երկրների առավել ամրապնդել տասնամյակների պատմություն ունեցող հայ-ամերիկյան հարաբերությունները: