Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցելությունը Կիպրոս անցել է բարձր մակարդակի վրա եւ դրա մասին փաստում են ձեռք բերված երկկողմանի համաձայնագրերը, որոնք ապացույցն են երկու պետությունների միջեւ բարձր աստիճանի փոխըմբռնման:

NEWS. am-ի թղթակցի հետ զրուցում ասաց Հայաստանի Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:

Նա հատկապես ուշադրությունը հրավիրեց երկու պետությունների  միջեւ ստորագրված երկկողմ հարաբերությունների մասին հռչակագրի վրա:

«Հատկանշական է հատկապես ղարաբաղյան խնդրին վերաբերող դրույթները: Շատ կարեւոր  է, որ այդպիսի երկիրը, ինչպիսին Կիպրոսն է, որը նաեւ Եվրամիության անդամ է, ղարաբաղյան հարցում ունի այդքան հավասարակշռված դիրքորոշում` ԼՂՀ վերջնական կարգավիճակի հարցում ուշադրությունը կենտրոնացնելով ազգի  կամարտահայտության սկզբունքի վրա, որը կունենա պարտադիր իրավական ուժ»,-հայտարարել է Շարմազանովը` նշելով, որ հենց այդ սկզբունքը հռչակագրում առանձին նշված է:

Նրա խոսքով, երկու երկրների միջեւ ձեռք բերված համաձայանգիրը, ինչպես նաեւ Կիպրոսի օբյեկտիվ դիրքորոշումը ԼՂՀ հարցում, երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի վրա են դուրս բերում:

Նշենք, որ համատեղ հռչակագրում մասնավորապես նշվում է , որ Կիպրոսը աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ ղարաբաղյան հարցը կարգավորել  Հելսինկյան եզրափակիչ ակտի եւ ՄԱԿ-ի կանոնադրության հիման վրա՝ ըստ որի Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կորոշվի ազգերի կամահարտության միջոցով, որը կունենա պարտադր իրավական ուժ: