Հանրապետականները որոշել են տապալել վարչապետի ընտրությունը։ Այս մասին Facebook-ում հրապարակած տեսանյութում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նա մարդկանց կոչ է փողոց դուրս գալ: Փաշինյանը նշել է, որ հավաքվում են առավոտյան, ժամը 11-ին, Հանրապետության հրապարակում։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին կայանալիք հատուկ նիստում քննարկելու է վարչապետի թեկնածությունը: Այդ պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է:

Երեկ առավոտյան «Ելք» խմբակցությունն իր նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Կայացել են նաեւ դռնփակ բանակցություններ ՀՅԴ եւ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունների պատգամավորների հետ։ Այդ խմբակցությունները քվեարկելու են Փաշինյանի օգտին։ Լրագրողների ներկայությամբ հանդիպում է եղել ՀՀԿ խմբակցության պատգամավորների հետ, Փաշինյանը պատասխանել է հանրապետականների հարցերին։

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն: