Ես ռեալ մարդ եմ, միգուցե շատ բան չեմ ասում, որի իրավունքն էլ չունեմ, բայց այս ամենը ես լավ հասկանում եմ եւ գնահատականը կարող եմ տալ: Այս մասին, այսօր՝ մայիսի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդարադառնալու Հայաստանում ստեղծված իրավիճակին:

Նա նշեց, որ այս շարժումը վաղ թե ուշ, մի օր պետք է լիներ եւ թող ոչ մի լիդեր իր վրա չվերցնի դա. «Սա հասունացել էր, ես հիմա ընդամենն առաջարկում եմ թող անհրաժեշտ հետեւություն անեն, պետք է երկխոսություն լինի: Մի ջնջեք անցյալը, հասկանում եմ երիտասարդությանը, նրանք ոչ միայն մեր ապագան են, այլ ներկան, վատ հետեւանքներ կլինեն»,-ասաց նա:

Ալիկ Սարգսյանը նշեց, որ չգիտի, թե արդյոք 7 օր հետո ՀՀԿ-ն վարչապետի թեկնածուի կառաջադրի, թե ոչ:

Անդրադառնալով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի կողմից՝ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկելուն, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ես իմ կյանքի ընթացքում, մանավանդ 2012 թվականից այնքան եմ առնչվել «դ» տառով էդ չարիքի հետ, որը կոչվում է դավաճանություն... Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմիս չեմ դավաճանի»:

Ալիկ Սարգսյանն ասաց, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իրենց չի հորդորել կողմ կամ դեմ քվեարկել Փաշինյանին:

«Ես ընդունում ու գնահատում եմ այս շարժումը, ոչ թե որ ժողովրդավարության դրսեւորում է, նաեւ այն պատճառով, որ այն իր մեջ լուրջ բովանդակություն ունի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ նախօրեին Ազգային ժողովում «Ելք» խմբակցության պատգամավոր «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ, ՀՀԿ խմբակցությունը դեմ է քվեարկել:

Դրանից հետո կայացած հանրահավաքում Փաշինյանը կոչ է արել վերադառնալ քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի ակցիաներին: «Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ եւ դասադուլ, առանց բացառության բոլոր ընկերություններում: 8:15-ից շրջափակվում են բոլոր փողոցները, մետրոն, մայրուղիները, օդանավակայանը, ամեն ինչ»,- ասել է Փաշինյանը:

Մայիսի 8-ին անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի: