Նյութի չափաքանակը, որով մարտի 4-ին Սոլսբերիում թունավորվել էին ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալը եւ նրա դուստր Յուլյան, կազմել է 50-ից 100 գրամ: Այս մասին The New York Times-ի հետ հարցազրույցում հայտարարել է Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմեթ Ուզյումջյուն:

Նա նշել է, որ սա ավելի մեծ է այն չափաքանակից, որը ստեղծվել էր լաբորատոր հետազոտությունների համար: «[Թունավոր նյութերից] պաշտպանության նպատակներով  հետազոտությունների համար անհրաժեշտ է, օրինակ, 5-ից մինչեւ 10 գրամ»,- ասել է նա՝ հավելելով, որ թունավորող նյութի ճշգրիտ ծավալին տեղյակ չէ:

Սոլսբերիում Սկրիպալների դեմ օգտագործված «նովիչոկը» հեղուկ վիճակում է եղել, ասել է կազմակերպության ղեկավարը: ՔԶԱԿ փարձագետները նյութի նմուշներ են վերցրել Սկրիպալների տան դռան բռնակից եւ այգու տարածքից, որտեղ երկուսն էլ գիտակցությունը կորցրել էին, ինչպես նաեւ «մի քանի այլ վայրերից, որտեղ նրանք եղել էին»:

«Կարեւոր է նշել այն, որ նյարդային ագենտը շատ կայուն է,- ընդգծել է Ուզյումջյուն: - Նրա վրա եղանակի պայմանները չեն ազդում: Սրանով է պատճառաբանվում, որ մենք կարողացանք այն նույնականացնել զգալի ժամանակ անց: Մենք համարում ենք, որ այն բարձր մաքրություն ուներ»:

Ուզյումջյուն հայտարարել է, որ քայլեր է ձեռնարկել նկարդակաթվածահարող նյութը, որով Սկրիպալները թունավորվել էին, քիմիական զենքի ցանկի մեջ ներառելու համար, որոնք ենթակա են ՔԶԱԿ մշտադիտարկմանը: Այդ դեպքում երկրները ստիպված կլինեն հայտարարագրել այս նյութի արտադրությունը կամ պահեստները: