ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ուշադիր հետեւում է Հայաստանում ծավալվող իրադարձություններին եւ քաղաքական ուժերին ակտիվ երկխոսության կոչ է անում։ Այս մասին ասված է ԵԱՀԿ ԽՎ նախագահ Ջորջ Ծերեթելիի հայտարարությունում։

Հայտարարությունում նշվում է, որ Ծերեթելին հույս ունի, որ այս փակուղային իրավիճակն արագ քաղաքական լուծում կստանա, որ կառավարությունը կարողանա կենտրոնանալ Հայաստանի առջեւ ծառացած շատ խնդիրների վրա։ «Ես կոչ եմ անում քաղաքական առաջնորդներին շարունակել խորհրդարանական երկխոսությանը մասնակցելը , ինչպես նաեւ աշխատել քաղաքացիական հասարակության եւ միջազգային հանրության հետ գոհացնող արդյունքի հասնելու համար, որը պետք է դիտարկել երկրի քաղաքական մշակույթի զարգացման գործընթացի ավելի լայն շրջանակում»,–նշել է Ծերեթելին։

Նա նաեւ հաղորդել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանի եւ ԵԱՀԿ ԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ։ Ծերեթելին իր աջակցությունն է հայտնել երկխոսության գործընթացին։

«Իմ զրույցները Հայաստանի խորհրդարանական գործընկերների հետ հաստատել են իմ վստահությունը, որ առաջատար քաղաքական գործիչները Երեւանում ձգտում են իրավիճակի կառուցողական լուծում գտնել։ Ես շեշտել եմ, որ բոլոր կողմերը պետք է անհրաժեշտ զսպվածություն ցուցաբերեն եւ շարունակեն արդյունավետ երկխոսության ուղին»,–հայտնել է նա՝ հավելելով, որ խաղաղ հավաքները կարծիք արտահայտելու կարեւոր միջոց են։