HSBC բանկի վրա հարձակումից վիրավորված անվտանգության աշխատակից Արամ Մկրտչյանը տեղափոխվել է կրծքային վիրաբուժության բաժանմունք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից:

«Կրծքային վիրաբուժության բաժանմունք են տեղափոխել, նրա վիճակը միջին ծանրության է, նրա կյանքին վտանգ չի սպառնում, դրական տեղաշարժ կա»,- ասացին հիվանդանոցից:

Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել: Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է: Նրան չէր հաջողվել փախչել դեպքի վայրից:

Հարձակումից բանկի անվտանգության աշխատակիցը եւ ոստիկանը սպանվել էին, անվտանգության եւս մեկ աշխատակից վիրավորում էր ստացել: