Այս պահին չափազանց բարդ է դրական կամ բացասական գնահատական տալ այն ամենին, ինչ տեղի ունեցավ Երեւանում՝ քաղաքացիական անհնազանգության ցույցերի ժամանակ եւ, հատկապես, ոստիկանության գործողություններին։ Այս մասին մայիսի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Նրա խոսքով՝ ցուցարարները, ակտիվիստների կարծիքով, քաղաքացիական անհնազանգության ցույցերի ժամանակ ամեն ինչ ճիշտ են արել եւ խուսափել են իրավիճակի սրացումից, ոստիկանության հետ բախումից, որը պետք է իրավապահ մարմիններին դրդեր ավելի զուսպ գործել, եթե չասենք, չձեռնարկել ինչ-որ գործողություններ ընդհանրապես՝ հետեւելով չմիջամտելու քաղաքականությանը։ Սակայն, փաստաբանի կարծիքով, ակնհայտ է, որ դա անհնար է եւ ոստիկանությունը պետք է գործեր։ «Վերջիվերջո, ոստիկանությունը ուժային մարմին է։ Այդ պահին կար իշխանություն, որը տալիս էր որոշակի հրամաններ»,-նկատել է Տիգրան Աթանեսյանը։

Քաղաքացիների հիմնական դժգոհությունը այն էր, ըստ փաստաբանի, որ իրավապահ մարմինների շատ աշխատակիցներ հերթապահություն էին իրականացնում ոչ թե ոստիկանության համազգեստով, այլ քաղաքացիական հագուստով։ Չէ որ օրենքի համաձայն, հասարակական կարգը պահպանելիս  ոստիկանության աշխատակիցները պետք է համազգեստ կրեն։ Հենց սրանով է բացատրվում ընդդիմադիրների դժգոհությունը։

Սակայն, Տիգրան Աթանեսյանը գտնում է, որ այս պարագայում ոստիկանության աշխատակիցները ոչինչ չեն խախատել, քանի որ հարցն այստեղ այն չէ, որ նրանք պարտադիր կերպով կրեն օրենքով եւ կանոնակարգով սահմանված համազգեստը․ «Եթե ոստիկանը քաղաքացիական համազգեստով է, նա կարող է օպերատիվ ծառայության աշխատակից լինել։ Այսինքն, խոսքը հասարակական կարգը պահպանող սովորական շարքային ոստիկանի մասին չէ։ Օպերատիվ աշխատակիցը, իհարկե, կարող է նաեւ քաղաքացիական հագուստով լինել»,-շեշտել է նա։

Միաժամանակ, Աթանեսյանը նշել է, որ այդ աշխատակիցը պարտավոր է անհրաժեշտության դեքպում իր ծառայողական դիրքը հաստատող փաստաթուղթ ներկայացնել։ Սակայն, ոստիկանության աշխատակիցներին միշտ չէ, որ հաջողվում է դա անել, քանի որ իրադրությունները կարող են տարբեր լինել, եւ ինչ-որ սրացման դեպքում նրանք ուղղակի ժամանակ չունեն այդպիսի պայմանականություններով զբաղվելու։

Միաժամանակ, Աթանեսյանը նկատել է, որ ոստիկանները ավելի զուսպ եւ պրոֆեսիոնալ են գործել, քան 2008 թ․ մարտի ցույցը ցրելիս։ Սակայն, ՀՀ ոստիկանության պրոֆեսիոնալիզմի մակարդակը արդիական է մնում՝ ցածր իրավագիտական գիտելիքներն ու որոշ աշխատակիցների զգացմունքայնությունը չափազանց բացասաբար է ազդում նրանց աշխատանքի վրա։