Ինքս անձամբ չեմ հավակնում մտնել կառավարության կազմի մեջ, բայց մեր հարաբերությունները քաղաքական ուժերի հարաբերություններ են, եւ մենք պատրաստ ենք աջակցել, չենք պատրաստվում մենակ թողնել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, ՀՅԴ-ն կառավարության մաս կազմելու ակնկալիք չունի, բայց ուզում են, որ Փաշինյանի կառավարությունը հաջողի եւ իրենք այդ հարցում աջակցելու են նրան: Ռուստամյանը նաեւ տրամաբանական է համարում ազգային համաձայնության կառավարության ստեղծումը:

«Մենք խոսել ենք այն սկզբունքների մասին, որոնք, ըստ մեզ, ճիշտ է դնել նոր կառավարության հիմքում: Անձերի անուններ չեն քննարկվել: Մենք պատրաստ ենք օժանդակել, բայց ինչ կարգավիճակով կլինի, էական չէ՝ կառավարության մեջ, թե ոչ, մենք օժանդակելու ենք հնարավոր բոլոր ձեւերով»,-ասաց Ռուստամյանը՝ հավելելով, թե պատրաստ են նաեւ ստանձնել պատասխանատվություն:  

ՀՅԴ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ իրենք ինչպես նախորդ անգամ, մայիսի 8-ին եւս քվեարկելու են Նիկոլ Փաշինյանի օգտին վարչապետի պաշտոնի համար:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, նա նկատեց, որ եթե ՀՀԿ-ն երկրորդ անգամ իր հայտարարածին հակառակ քվեարկի, դա վտանգավոր է քաղաքական ուժի համար: Արմեն Ռուստամյանի կարծիքով արտահերթ ընտրությունները չեն բխում ՀՀԿ-ի շահերից, քանի որ այս ԱԺ-ում նրանք մեծամասնություն ունեն, հետեւաբար կողմ կքվեարկեն Փաշինյանին, որ ԱԺ-ն չցրվի:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱԺ 1/3-ի կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը: Քվեարկությունը տեղի կունենա մայիսի 8-ին, ԱԺ նիստում: «Ելք», «Ծառուկյան» եւ ՀՅԴ խմբակցությունները հայտարարել են, որ կքվեարկեն Փաշինյանի օգտին, իսկ ՀՀԿ-ն հայտարարել է, որ կաջակցի նրա ընտրությանը:

Եթե այս անգամ էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ապա խորհրդարանը կցրվի եւ կլինեն արտահերթ ընտրություններ: