Իշխանության նախկին թիմը, հազիվ թե, ռեւանշի հույսը կորցրած լինի։ Այս մասին մայիսի 7-ին՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը։

ՀԴԿ նախագահն հանդիպումը սկսել է շնորհավորանքով հրեշից ազատվելու առթիվ, որովհետեւ գոյություն ունեցող համակարգը թույլ չէր տալիս զարգանալ. «Սակայն,  վստահ չեմ, որ նրանք ռեվանշի հույսը կորցրել են։ Նրանք, որոնք գողությամբ հարստություն են կուտակել, հազիվ թե համաձայնեն կորցնել ունեցածը։ Ուստի զգոնությունը կորցնել չարժի»,–նշել է Սարգսյանը։

Մեկնաբանելով ռուսական լրատվամիջոցներում նախօրեին հայտնված հրապարակումների կոպիտ տոնը՝ նա շեշտել է, որ նրանք չեն, որ տեսակետ են արտահայտում։ Սարգսյանը նկատել է, որ նախ նրանք պետք է Ռուսաստանի հետ հարաբերությունները պահպանեն։ Իսկ միջազգային արձագանքը նա զարմանալի է համարում։

Նրա կարծիքով՝ բազմավեկտոր քաղաքականություն է անհրաժեշտ։ Աշխարհի բեւեռացման պայմաններում բազմավեկտոր քաղաքականությունը ունակ է մոլորակը հետ պահել մասնատումից։ Այդ պլանում Հայաստանը կարող է կարեւոր դեր խաղալ, քանի որ աննախադեպ իրադարձություններով գրավել է միջազգային հանրության ուշադրությունը։