Ըստ ամենայնի, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին կդառնա վարչապետ: Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

Ըստ նրա՝ մայիսի 2-ից հետո ակնհայտ էր, որ եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չդառնա, հասարակական արձագանքը, երբ ամբողջ երկիրը՝ Բագրատաշենից մինչեւ Մեղրի տոտալ կաթվածահարված էր, կարող է շատ վատ հետեւանքների հանգեցնել: «Եվ ՀՀԿ-ն որոշեց, որ հիմա Նիկոլ Փաշինյանը պետք է ընտրվի: Խաղը հետո է սկսվելու: Ընդդիմադիր մեծամասնությունը Փաշինյանի համար ամենատհաճ փաստը կլինի: Սա արդեն նման է Յուշչենկոյի տարիների Ուկրաինային»,- նշեց Քոչարյանը: Ըստ քաղտեխնոլոգի՝ հետո խելամիտ ժամկետներում կարող են արտախորհրդարանական ընտրություններ անցկացվել: «Սա ամենահաճելին չէ, սակայն այլապես քաղաքական ճգնաժամը չի կարգավորվի, ընտրություններն անհրաժեշտ են: Այն անցկացնելու համար կան բազմաթիվ տեսանելի եւ անտեսանելի նրբություններ»,- նշեց Քոչարյանը: Առաջինների թվում նա նշեց ԸՕ-ի, ընտրական հանձնաժողովների, ընտրական տեղամասերի բարեփոխումները: Երկրորդների թվում, որն ավելի կարեւոր է, Քոչարյանը շեշտեց ընտրողների մտածողության փոփոխության կարեւորությունը:

«Բոլորս հրաշալի հասկանում ենք: Չեմ ցանկանում հանրահավաքի մասնակիցների տոկոս նշել, սակայն նրանք մեծամասնությունն են՝ նախորդ ընտրություններում կա՛մ փող են վերցրել, կա՛մ տվել են: Եվ ես համոզված չեմ, որ հաջորդ ընտրություններին չեն վերցնի: Փփոխությունները խոսքով են, այլ ոչ մտածողության մեջ»,- կարծում է Քոչարյանը: Մյուս հրատապ հարցն է քաղաքական ուժերի մոտեցումների փոփոխության անհրաժեշտությունը՝ Հայաստանին մարդ-կուսակցություննե՞ր են պետք, թե՞ գաղափարախոսական կուսակցություններ: «Հավակնություններ եւ եսակենտրոնություն: Քաղաքական դաշտը Պարույր Հայրիկյանի համախտանիշից ազատել: Եթե դրանից չազատվենք, նույն բանին կհանգենք»,- հավելեց Քոչարյանը: Ինչ վերաբերում է իշխանության մեջ օլիգարխների ընդգրկման հնարավորությանը, ապա, Քոչարյանի կարծիքով, Փաշինյանի կողմնակիցներն իրենք կսկսեն նրան անհարմար հարցեր տալ: