Իրադարձությունների ցանկացած սցենարի մենք պատրաստ ենք եւ պատրաստ է ժողովուրդը, այնպես որ՝ ես ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վաղը՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրությանը:

Փաշինյանը, ով դուրս եկավ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակից, նշեց, որ ընտրվելու դեպքում կառավարության ծրագիր է ներկայացնելու: Նա նշեց, որ վստահություն ունի, որ ՀՀԿ-ն կհաստատի նաեւ կառավարության ծրագիրը. «Ինչի՞ ենք շտապում։ Օրվա հոգսը բավ է օրվա համար։ Եկեք օրվա խնդիրները լուծելով գնանք առաջ, որովհետեւ ռազմավարական խնդիրները արդեն լուծել ենք, երկարաժամկետ տեսլականը մնում է»:

Փաշինյանի խոսքով, ինքը հիմա աշխատում է ոչ թե կառավարության ծրագրի, այլ վաղը ԱԺ-ում իր ելույթի վրա:

Անդրադառնալով կառավարության կազմին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու»: Նա նշեց, որ իր ելույթում կանդրադառնա բոլորի, այդ թվում օլիգարխների համար հավասար խաղի կանոններ հաստատելուն. «Ես իմ ելույթում դրան կանդրադառնամ, իհարկե խաղի կանոնները պետք է պարզ լինեն բոլորի: Ես ցանկանում եմ ընդգծել, որ վենդետաների չենք պատրաստվում, ՀՀ–ում քաղաքական ու տնռեսական հետապնդումների էջը փակված է։ Մենք խնդիր ունենք համերաշխության մթնոլորտ ստեղծելու։ Ոչ մի հարցով վենդետա չի լինելու:

Հարցին, թե հանրության համար հնչեղություն ունեցող կոնկրետ դեպքերով քննություններ չե՞ն լինելու, Փաշինյանը պատասխանեց. «Հանրությունը բոլոր հարցերի պատասխաններն ու լուծման ուղիները կստանա, բայց ես ընդհանուր առմամբ ասում եմ, որ այն մթնոլորտը որ այսօր կա ՀՀ–ում, այս սիրո եւ համերաշխության մթնոլորտը չպիտի խաթարվի։ Սակայն դա չի նշանակում, որ այն նպատակները, որ դրված են օրենքի իշխանություն եւ օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարություն ապահովելու մասով, չեն լուծվելու։ Ես ասում եմ, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են, մեկը մյուսի հաշվին չի լինելու։ Կարծում եմ բոլորս այս ընթացքում համոզվեցինք, որ այդ խնդիրները լուծելի են»: