Քննարկումներ կլինեն, այնպես չէ, որ հստակ գիծ ենք քաշում: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նոր իշխանությունը Հայաստանում կբարձրացնի Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը:

«Հիմա մենք լուծում ենք վարչապետի ընտրության եւ կառավարության ձեւավորման հարցերը, որոնք ունեն օրենքով սահմանված ժամկետներ, մենք այսօր աշխատում ենք այդ հարցերի վրա»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության կազմ, դեմքը պետք է արտահայտի այն շունչը, որ այսօր կա Հայաստանում:

Ճշտող հարցին, թե այսինքն այս պահին Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցը չեք բարձրացնում, որովհետեւ պրոցեսնե՞ր կան դեռ, վարչապետի թեկնածուն արձագանքեց. «Ես տեղյակ չեմ այդ պրոցեսներին, կտեղեկանամ, իմ վերաբերմունքը կարտահայտեմ»:

Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում արդեն խումբ է ձեւավորվել, որը պատրաստվում է մայիսի 10-ին բողոքի ակցիա իրականացնել քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով Տարոն Մարգարյանի հրաժարականը: