Վաղը կկայանա ԱԺ հատուկ նիստը, որի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կընտրվի ՀՀ վարչապետ։ Այս մասին մայիսի 7-ին՝ ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է «Ելք» խմբակցությանպատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա վստահ է, որ դրանով Հայաստանում մեծ փոփոխությունների սկիզբը կդրվի։

«Պետության կառավարման ղեկավարությունը փաստացի փոխանցվում է գործող ընդդիմությանը։ Ես կարծում եմ, որ այն, ինչ տեղի ունեցավ երկրում, հնարավորության դեպքում պետք է կապիտալիզացնել, արդարացնել բնակչության հույսերը եւ բոլոր ուժերը նվիրել այդ գաղափարին»,–պարզաբանել է Մարուքյանը։

Պատգամավորի խոսքով ՝ բոլոր քաղաքական ուժերը իրենց տեղերում պետք է ամեն հնարավորն անեն, որ Հայաստանում այլեւս անցանկալի երեւույթներ չլինեն, որոնք նախկինում եղել են, քննադատության են ենթարկվել եւ, ըստ էության, գոյություն ունեն առ այսօր։

Միաժամանակ, Մարուքյանը նկատել է, որ պայքարը իրականացվում էր ոչ այնքան առանձին անձանց դեմ, որքան նախկին վարչապետ Սերժ Սարգսյանի, եւ  ընդհանուր առմամբ համակարգի դեմ։

«Սերժ Սարգսյանի դեմ պայքարից հետո պայքարը դարձավ համակարգային պայքար եւ մենք նույնպես դուրս եկանք փողոց: Մինչ այդ մենք ունեցել ենք դերակատարում, որը կատարվել է բոլորի աչքի առաջ: Կա՞ր այլ շանս, թե ոչ, մենք տեսանք, որ կար, եւ թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ: Դա մի աննախադեպ բան էր, անհամեմատելի է հետխորհրդային տարածքում որեւէ հեղափոխության հետ, այսօր մենք առաջ ենք անցել բոլորից: Շարունակությունը շատ կարեւոր է, որ պետք է ամեն ինչ անել կապիտալիզացնել ձեռք բերվածը»,-ասաց նա:

Մարուքյանի խոսքով, «Ելք» խմբակցությունը միասնական է, եւ նրա ապագայի շուրջ քննարկումներ չկան. «Անընդհատ փորձ է արվում մեր մեջ փնտրել տարաձայնություն, վեճ.  ես եւ Նիկոլ Փաշինյանը օրումեջ տեսնում ենք իրար, գրկախառնվում ենք, եթե մենք հարց չունենք, դուք պետք է եւս չունենաք, մենք արժանապատիվ ձեւով պայմանավորվածություն ենք ունեցել, եւ պահել ենք»,-ընդգծեց Մարուքյանը: