Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղը կաջակցի վարչապետի պաշտոնում առաջադրված ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, որպեսզի երկիրն, ի վերջո, վարչապետ ունենա: Այս մասին մայիսի 7-ին ԱԺ-ում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ իրենք արդեն այս կապակցությամբ հայտարարություն կատարել են եւ հավատարիմ են նախկինում ասածին: «Ուշադրություն դարձնելով մեր ընդդիմադիր գործընկերների քայլերին՝ մենք բավարար թվով ձայներ կապահովենք, որպեսզի Հայաստանում մայիսի 8-ին վարչապետ ընտրվի»,- հավաստիացրեց Բաղդասարյանը:

Միաժամանակ, նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն շարունակում է մտավախություններ ունենալ Հայաստանի արտաքին քաղաքականության ուղղությունների, ինչպես նաեւ երկրի անվտանգության ապահովման վերաբերյալ՝ հավելելով, որ իրենք Նիկոլ Փաշինյանի հետ այս թեմաներով խոսել են, եւ նա վստահություն է հայտնել, որ իր արդյունավետ աշխատանքի շնորհիվ կկարողանա եղած բոլոր մտավախությունները ցրել:

Ի պատասխան հարցին՝ հնարավո՞ր է, որ ավելի ուշ ՀՀԿ-ն դեմ քվեարկի Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին, Վահրամ Բաղդասարյանը ուշադրություն հրավիրեց նման խոսակցությունները վաղաժամ լինելու վրա: «Մնացյալի վերաբերյալ դեռեւս քննարկումներ չեն եղել: Քաղաքական իրավիճակը ամեն րոպե փոխվում է»,- եզրափակեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում վարչապետի թեկնածուի երկրորդ քվեարկությունը տեղի կունենա մայիսի 8-ին: