Եթե ՀՀԿ-ն գնա կառավարության ծրագիրը չհաստատելու ճանապարհով, նորից նույնը սկսելու է, նորից վարչապետի ընտրության պրոցեսն է տեղի ունենալու, եւ եթե վարչապետ չի առաջադրվում, ԱԺ-ն լուծարվում է: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Եթե այս պրոցեսը նորից սկսենք, ի՞նչ է փոխվելու քաղաքական առումով, եւ որն է դրա նպատակահարմարությունը բոլոր նրանց համար, որոնց թվում է, որ ժամանակի վրա խաղալով կարելի է ինչ-որ հարցերի լուծման հասնել: Ես այդպիսի հեռանկար չեմ տեսնում»,-ասաց նա:

Ռուստամյանը նկատեց, որ այսօր կա հստակ ժողովրդի պահանջ, որը պետք է իրացվի, որեւէ այլ լուծում, քան Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելն է, ժողովուրդը չի ընդունելու. «Դրա համար հարցերը չպետք է տեղափոխել խարդավանքային ավելորդ հարթություն եւ այն ինչ դե ֆակտո կա, հաստատել դե յուրե: Քաղաքական առումով բոլոր այլընտրանքները սպառված են»,-ընդգծեց նա: