Այսօր համաժողովրդական շարժումը կլանել է բոլորի ընտրազանգվածը: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նրա խոսքով, նախքան արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է փոխվի ընտրական օրենսգիրքը. «Սարգավորումները պետք է տեղադրվեն, որոնք կբացառեն կրկնաքվեարկությունները ամբողջ Հայաստանի տարածքով մեկ: Պետք է մեխանիզմներ լինեն՝ կանխելու ընտրակաշառքը, պետք է հանվի տարածքային-ռեյտինգային ընտրակարգը: Պետք է ընտրությունների այնպիսի միջավայր ձեւավորվի, որ դա լինի իսկապես ժողովրդավարական, հավասար պայմաններով եւ կասկած չառաջանա արդյունքների վերաբերյալ»,-ասաց նա:

Ռուստամյանը նշեց նաեւ, որ պետք է հավասար հնարավորություն ընձեռնվի քաղաքական բոլոր ուժերի համար, որ կարողանան մասնակցել ընտրություններին. «Այսօր համաժողովրդական շարժումը կլանել է բոլորի ընտրազանգվածը: Սա իրականություն է»:

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների ժամկետներին, ՀՅԴ խմբակցության ղեկավարն ասաց, որ այս պահին ոչ ոք կոնկրետ ժամկետ չի կարող ասել. «Ողջամիտ ժամկետ ասելով նկատի ունենք բոլոր այս հարցերի լուծումը եւ համախոհությամբ դրան գնալը: Ժամկետները եւս պետք է լինեն համախոհության արդյունքում»: