«Ելք» խմբակցությունն այլեւս լինելու է իշխող ուժ, եւ մենք պետք է աջակցենք գործող կառավարությանը. մենք լինելու ենք Նիկոլ Փաշինյանի կառավարության թիկունքը խորհրդարանում: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով, հիմա արդեն իրենք պետք է աշխատեն այն փոփոխությունների ուղղությամբ, որը կառավարությունը կբերի ԱԺ:

Մարուքյանը նշեց, թե իրեն չի տեսնում կառավարությունում: «Անձամբ ես  ինձ տեսնում եմ խորհրդարանում»:

Ինչ վերաբերում է կառավարության ներկայացվելիք ծրագրին, Մարուքյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ-ն կհաստատի ներկայացված ծրագիրը, որովհետեւ եթե չաջակցի, էլ իմաստը ո՞րն է, որ աջակցում են Փաշինյանի վարչապետ դառնալուն: «Եթե չի հաստատում նորից երկփուլանի ընտրություն է սկսվում ԱԺ-ում: Դա արդեն անցած էտապ է»,-ասաց «Ելք»-ի պատգամավորը:

Նա համաձայնեց տեսակետին, որ արտահերթ ընտրությունները ՀՀԿ-ի շահերից չեն բխում. «Եթե ադմինիստրացիան մնա նույնը՝ կարող է եւ բխեր, եթե շատ խորքային փոփոխվի՝ չի բխի, դա երկրի շահերից էլ չի բխում»,-ասաց նա՝ հավելելով, որ բոլորի շահերից է բխում կայունությունը, հավասար հնարավորությունները եւ երաշխավորված ազատ ընտրությունները, որին կարող են մասնակցել բոլորը:

Հարցին, թե ՀՀԿ-ն կհաստատի՞ բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կբերի Փաշինյանի կառավարությունը, Մարուքյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց մենք էլ ունենք մեր հնարավորությունները: Այսօրվա համակարգն այնպիսին է, որ Փաշինյանի կառավարությունը խորհրդարան չգալով կարող է երկրում աուրան փոխել: Երբ բանը հասնի ԱԺ-ում օրենք անցկացնելուն՝ կփորձի քաղաքական խորհրդակցությունների արդյունքում դա նել: Դա անհնար չէ: Խորհրդարան չգալով՝ Փաշինյանն ի՞նչ կարող է անել՝ կարող է ձեւավորել ամբողջ իշխանությունը նաեւ մարզային եւ տնտեսական լուրջ վարչարարություն անել, մենաշնորհների հետ կապված եւ շարժվել առաջ»: