«Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում ներկայացրել է այսօրվա եւ վաղվա իր անելիքները:

Նա, մասնավորապես, տեղեկացրել է, որ երեկոյան ինքը «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորելու է Սերժ Թանկյանին, ժամը 21։00-ի մոտակայքում կլինեն Հանրապետության հրապարակում, որտեղ կկայանա դիմավորման պաշտոնական արարողությունը, ինքը եւ Թանկյանը ելույթ կունենան։

Ն.Փաշինյանը հույս հայտնեց, որ վաղն առավոտից մարդիկ կհավաքվեն Հանրապետության հրապարակում, որտեղ ուղիղ եթերով կհետեւեն ԱԺ հատուկ նիստում կայանալիք վարչապետի ընտրության գործընթացին, որից հետո ինքը կգա հրապարակ եւ կխոսեն վիճակի մասին։

«Քաղաքական խորհրդակցությունների արդյունքում կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ որեւէ ազդակ, կասկած չկա, որ վարչապետի ընտրությունը կարող է տեղի չունենալ։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ կընթանա հենց այնպես, ինչպես մենք պլանավորել ենք, այսինքն՝ Ազգային ժողովը ժողովրդի կողմից ընտրված թեկնածուին կընտրի վարչապետ»,- ընդգծել է Փաշինյանը՝ հավելելով, որ ամենայն հավանականությամբ, դրանից հետո ինքը կսկսի իրականացնել ՀՀ վարչապետի պարտականությունները. «Եթե, իհարկե, որեւէ արտառոց բան չլինի։ Եթե պատահելու լինի արտառոց որեւէ բան, ես տեղյակ կպահեմ։ Այս պահի դրությամբ այդպիսի ազդակ չկա»: