Հայաստանի հանրապետական կուսակցությունը համապատասխան քանակի ձայներով կաջակցի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությանը։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Մենք օժանդակելու ենք պատգամավորների մեկ/երրորդի առաջադրած թեկնածուին, տվյալ դեպքում Նիկոլ Փաշինյանին»,- ասել է Շարմազանովը եւ հավելել. «Նրա օգտին հավաքագրվել է 45 ստորագրության, եւ ՀՀԿ-ն համապատասխան քանակի ձայներով կապահովի, որ նա դառնա վարչապետ»։

Ըստ Շարմազանովի, իրենք են հորդորել, որ մի քանի պատգամավորներ կողմ քվեարկեն։ «Այստեղ որեւէ պառակտում չկա, սա մեր կոլեկտիվ որոշումն է։ Կարող է ութ լինել, կարող է 10 կամ 11 ձայն լինել»,- ասել է նա։ ՀՀԿ խոսնակը, սակայն, չի նշել, թե ովքեր են կողմ քվեարկողները լինելու, այդ մասին վաղվա նիստում կասի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Շարմազանովը նաեւ հերքեց տեղեկությունները, թե ՀՀԿ ԳՄ նիստում վիճաբանություն է եղել։