Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, լրիվ սպասելի էր, քանի որ հասարակությունը իշխանություններին չափազանց բացասաբար էր վերաբերվում։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել ՌԴ Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի եւ Ուրալ-Պովոլժիե ուսումնասիրության աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը

Նրա խոսքով՝ հայ հասարակության եւ իշխանության միջեւ մեծ ջրբաժան էր առաջացել։ «Այսինքն՝ իշխանությունն ու հասարակությունը ապրում էին իրարից առանձին։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ վերաբերմունքը չափազանց բացասական էր։ Այդ զգացմունքը արտահայտվեց ընտրությունների ժամանակ։ Մարդկանց համար մեկ էր, թե որ դերակատարը կարող է իրեն այլընտրանք ներկայացնել»,-պարզաբանել է Սկակովը։

Միաժամանակ, փորձագետի կարծիքով, հայ հասարակությունը հանդես էր գալիս ոչ այնքան ընդդիմության առաջնորդի պաշտպանությամբ, որքան Սերժ Սարգսյանի դեմ։ Այդպիսով, քաղաքացիական անհնազանդության ցույցերը ունեին հիմնավոր պատճառներ, քանի որ իշխանություններին հաջողվել էր թաղվել կոռուպցիայի մեջ՝ ձեւավորելով կլանային կառավարման համակարգ, որը հանգեցրել էր զանգվածային արտագաղթի երկրում։

Փորձագետը հավաստիացրել է, որ Մոսկվայում սպասում էին իրադարձությունների այդպիսի զարգացում, շատերը կարծում էին, որ Սերժ Սարգսյանին չարժեր առաջադրել վարչապետի պաշտոնում, սակայն նա այլ կերպ գործեց։