Արցախում լարվածության աճը չի կարելի բացառել:  Այս մասին  «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանում իշխանափոխությունը ինչպես կարող է ազդել ղարաբաղյան հակամարտության վրա:

Նա նշել է, որ Սահմանադրության համաձայն, ամբողջ գործադիր իշխանությունը գտնվում է վարչապետի ձեռքում: «Այսինքն քաղաքական գնահատականը եւ ծրագրերը պետք է որոշվեն կառավարության շրջանակներում:

Այլ բան է, որ հաշվի առնելով միջազգային հարցերում իմ փորձը, նրանք կարող են ինձ խորհրդի համար դիմել: Եվ ես ուրախ եմ արտահայտել իմ կարծիքը: Ես շատ հստակ կարտահայտեմ իմ կարծիքը, եթե տեսնեմ, որ զարգացումները գնում են սահմանադրության, օրենքի եւ ժողովրդի շահերի խախտման ուղղությամբ», - ասել է նա:

Պատասխանելով այն հարցին, որ շատերը Հայաստանում մտավախություն ունեին, որ Ադրբեջանը կարող է օգտվել իրավիճակից եւ ռազմական գործողություններ սկսել, Սարգսյանը նշել է. «Ես անձամբ գիտեմ նախագահ Իլհամ Ալիեւին, բավական լավ գիտեմ... Բայց իրավիճակը, քաղաքականությունն այսպիսին է, շատ նուրբ պահ է։

Ղարաբաղում լարվածության աճը չի կարելի բացառել։ Կառավարությունը պետք է լրջորեն զբաղվի դրանով, Հայաստանի եւ Արցախի սահմանների անվտանգությունը ապահովի, որպեսզի Հայաստանը տեղում Արցախին աջակցություն ցույց տա:

Սարգսյանը նշել է, որ այդ հարցը կրկին տանում է Ռուսաստանի մոտ։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական եւ ռազմաքաղաքական գործընկերն է։ «Հայկական բանակը շատ մոտ է ռուսականի հետ: Մենք ռազմատեխնիկական աջակցությունն ենք ստանում Ռուսաստանից, այլ ոչ թե ՆԱՏՕ-ից կամ Չինաստանից: Երկրորդ՝ երկու երկրներն էլ ՀԱՊԿ անդամներ են:

Երրորդ՝ Հայաստանի տարածքում է գտնվում ռուսական ռազմական բազան: Հայաստանին այդ բազան պետք է: Ես վստահ չեմ, որ այն Ռուսաստանին պետք է, դա պետք է որոշի Մոսկվան եւ Ռուսաստանի նախագահը, բայց մեզ այն պետք է, պետք է նաեւ հայ-ռուսական հարաբերություններին: Այնպես որ, ես միշտ պայքարելու եմ, որ  Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն ամուր լինեն»: