Ողջ աշխարհը ձեզ է նայում որպես դրական օրինակ։ Այդ մասին Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը (ֆոտոռեպորտաժ

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ձեր խաղաղ ցույցերով կարողացաք ստեղծել հայ ազգին արժանի հայրենիք։ Ողջ աշխարհը ձեզ է նայում որպես դրական օրինակ։ Երգով, պարով ու ժպիտով հասաք ձեր նպատակին»,- ասել է նա եւ հավելել. «Աշխարհը երկար տարիներ մեզ ճանաչում էր երկրաշարժով, ցեղասպանությամբ, բայց դուք բարձրացրինք մեր երկրի միջազգային վարկանիշը։ Ես տարիներով երազում էի այս օրվան եւ այժմ հպարանում եմ՝ ձեր կողքին կանգնելով»։

Թանկյանը նշել է, որ գործը նոր է սկսվում՝ բարեփոխումներով, աշխատանքով, քանի որ արդարության ճանապարհը «մի քանի հաղթանակներով չի կերտվում»։

Թանկյանը նաեւ կատարեց «Բարի արագիլ» երգը, իսկ Հանրապետության հրապարակում հավաքված բազմությունը ձայնակցում էր նրան։

Նշենք, որ վաղը կայանալու է Ազգային ժողովի հատուկ նիստ, որտեղ վարչապետ են ընտրելու։ Թեկնածուն մեկն է՝ Նիկոլ Փաշինյանը, որին մայիսի 1-ին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց։

Այս անգամ ՀՀԿ-ն որոշում է  կայացրել՝ համապատասխան քանակի ձայներով օժանդակել նրա ընտրությանը։