ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Սուրեն Մանուկյանի հանդեպ կուսակցական տույժ է կիրառվել, մեկ տարով կախակայվել է նրա կուսակցական գործունեությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը:

Նա նշեց, որ 1 տարվա ընթացքում նա չի կարող մասնակցել ՀՅԴ ժողովներին: Այս տույժը նրա հանդեպ կիրառվել է, քանի որ Սուրեն Մանուկյանը առանց կուսակցության որոշման էր միացել համաժողովրդական շարժմանը:

Նշենք, որ Սուրեն Մանուկյանը ապրիլի 25-ին Ֆեյսբուքի իր էջում տարածել էր հետեւյալ հայտարարությունը. «Ես՝ Սուրեն Մանուկյանս, 2018թ ապրիլի 22-26-ը եղել եմ գործուղման Բաթումիում, մասնակցում եմ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին, բայց ուշադիր հետեւում եմ Հայաստանում կատարվող իրադարձություններին եւ իմ համերաշխությունն եմ հայտնում ժողովրդական հեղափոխությանն ու նրա առաջնորդ Նիկոլ Փաշինյանին: Ես միշտ հավատարիմ եմ եղել իմ ընտրողների՝ Տավուշի տարածաշրջանի ժողովրդի ձայնին, լինելով նրանց ընկերը: Այս ամենը նկատի ունենալով եւ իմ ընտրողների պահանջին արձագանքելով` այս վճռորոշ պահին միանում եմ համաժողովրդական շարժմանը: Սա իմ անձնական որոշումն է»: