Աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը խորհրդարանում է, եկել է Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելու եւ ԱԺ հատուկ նիստի քվեարկությանը ներկա լինելու նպատակով։

Այսօր՝ մայիսի 8-ին՝ Աժ-ում լրագրողների հետ զրույցում Սերժ Թանկյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարցին հնարավոր է, այնուամենայնիվ մտքափոխվի ու համերգ տա, նա հայտնեց, որ համերգին պատրաստ չեն, «չես կարող վայրկյանական ինչ-որ բան անել»։

Սերժ Թանկյանը  ընդգծեց, որ 2015 թվականին իր տեսած երիտասարդների եռանդն ու ժպիտները արդեն հիմա փողոցներում է նկատելի։

Նա նշեց, որ Հայաստանում պատրաստվում է մոտ մի շաբաթ մնալ։

Աշխարհահռչակ երաժիշտի  համոզմամբ՝ ժամանակի հարց է օտար ափերում ապրող հայերի ներգաղթը։ «Բարեփոխումներով ու դրական փոփոխություններով այդ շրջանը կփոխվի, երբ հասարակությունը ազատվի կոռուպցիայից , գործազրկությունից, կներգրավվի ավելի շատ ներդրումներ երկրում, սա մարդկանց ետ կբերի հայրենիք արդեն մի քանի տարուց, մենք պետք է համբերատար լինենք՝ այդ փոփոխությունը իրական դարձնելով։ Սա միայն սկիզբն է»,-նշեց նա։

Հարցին, թե ինքն երբ է պատրաստվում մշտական բնակություն հաստատել Հայաստանում, Թանկյանը նկատեց․ «Ես թափառական անձ եմ, քանի որ երաժիշտ եմ, բայց ուզում եմ տարին 2 ամիս Հայաստանում մնալ»։