Այսօր մենք ընտրում ենք ոչ թե ԱԺ-ում ներկայացված պատգամավորների 1/3-ի թեկնածուին, այլ կատարում ենք Սահմանադրության պահանջը։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին Ազգային Ժողովում վարչապետի ընտրության քննարկումներին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը։

«Իսկ այդ պահանջն է՝ ժողովրդի կամքը օրենք է։ Ժողովուրդն իր ամբողջականության եւ մեծամասնության մեջ, ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս, ուզում է իր իշխանության իրացումը տեսնել Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»,- ասել է Սարգսյանը։

Դիմելով հանրապետականներին՝ Արամ Սարգսյանն ասել է. «Շատ լավ հասկանում եմ ձեզ։ Ուզում եմ ասել, որ սիրո եւ հանդուրժողականության, կամ ինչպես կուզեք անվանեք, հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը։ Դրա համար պետք է պատասխանել ուղղակի մի քանի հարցի, որ մեր ժողովորդն է ձեզ տալիս։ Անսխալական մարդ չկա, առավել եւս՝ անսխալական քաղաքական ուժ գոյություն չունի»։

Նրա խոսքով՝ արտերկրում տեսել է, որ իր գործընկերները, լինեն իշխանության, թե ընդդիմության ներկայացուցիչ, մեր պետությանը վերաբերող հարցերում միակամ եւ միասնական են եղել։ «Հույս ունեմ՝ այն կառուցողական մոտեցումը, ինչն այսօր դրսեւորելու է հանրապետականը, հետայսու էլ կդրսեւորվի ոչ թե կուսակցական շահից ելնելով, այլ պետական շահերից ելնելով»,- նշել է Սարգսյանը։