Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության շնորհիվ հայ ժողովրդի եւ Հայաստանի վարկանիշն աշխարհում բարձր է, քան երբեւէ, եւ սա պետք է ծառայեցնենք Հայաստանի ու Արցախի շահերին: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում իր ծրագրային ելույթում նշեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նա ներկայացրեց քաղաքական ու հասարակական կյանքի տարբեր ոլորտներում իր ծրագրային մոտեցումներն ու պատկերացումները:

Ուղերձ Արցախի ժողովրդին

Այս բարձր ամբիոնից, որպես ժողովրդի կողմից առաջադրված թեկնածու, ուզում եմ ուղերձ հղել Արցախի հերոսական ժողովրդին: Սիրելի՛ արցախցիներ, համոզված եղեք, որ Հայաստանում տեղի ունեցած սիրո եւ համերաշխության հեղափոխությունը ոչ միայն որեւէ վտանգ չի պարունակում, այլեւ նոր հնարավորություններ է բացում Արցախի ժողովրդի եւ Արցախի պետականության համար: Սա համազգային զարթոնքի բացառիկ ժամ է: Ինչպես 1988-ի համազգային շարժումը հանգեցրեց Արցախի դե ֆակտո ինքնորոշմանը, հայկական հեղափոխության արդյունքը լինելու է Արցախի ինքնորոշման իրավունքի դե յուրե միջազգային ճանաչումը: Մենք առավել քան երբեւէ մոտ ենք դրան»,- հայտարարեց Փաշինյանը:

Ներքաղաքական կյանքը

Փաշինյանը նշեց, որ ստեղծված դրական վիճակը վերջին մեկ ամսվա ընթացքում բոլոր կողմերի խոհեմության եւ պետական մտածողության արդյունք է. «Ներքաղաքական երկարամյա հակամարտությունների, 2008-ի մարտի 1-ի, 2013-ի ապրիլի 12-ի, 1996 թվականի սեպտեմբերի 26-ի միջով անցնելով՝ ներքաղաքական կյանքի բոլոր մասնակիցներս լռելյայն հանգել ենք մի կոնսենսուսի, որ վե՛րջ, բռնությունն այլեւս տեղ չունի ներհայաստանյան կյանքում»,- ասաց նա:

Կոռուպցիա եւ մենաշնորհներ

«Հայաստանում արտոնյալներ չեն լինելու եւ վե՛րջ, ընտրությունների արդյունքներն այլեւս չեն կեղծվելու, ընտրակաշառքներ չեն բաժանվելու եւ վե՛րջ, արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու եւ վե՛րջ, մարդու իրավունքները պաշտպանված են լինելու եւ վե՛րջ, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան եւ վե՛րջ, հաստատվելու է օրենքի իրավունքի գերակայություն եւ վե՛րջ: Որեւէ մեկը թող չկասկածի, որ նույնիսկ այս անցումային ժամանակահատվածում մեր կառավարությունն արմատական փոփոխություններ է իրականացնելու: Միաժամանակ, այս փոփոխություններն իրականացվելու են առանց տնտեսական վենդետաների, առանց սեփականության վերաբաշխման՝ խստորեն պահպանելով քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը:

Քաղաքական եւ տնտեսական հետապնդումների էջը փակված է այլեւս Հայաստանում: Սա է հայկական հեղափոխության հիմնական եւ ամենակարեւոր ուղերձը, որին պետք է հավատարիմ մնանք»,- ընդգծեց Փաշինյանը:

Սփյուռք

Վարչապետի թեկնածուն նշեց, որ այս օրերին սփյուռքից բազմաթիվ ուղերձներ են ստանում, որ կազմ ու պատրաստ սպասում են ներքաղաքական զարգացումների հանգուցալուծմանը, որ վերադառնան Հայաստան ու լծվեն հայրենիքի շենացման գործին: Նա դիմեց դրսում գործունություն ծավալող հայ գործարարներին՝ կոչ անելով վերադառնալ եւ ներդրում անել Հայաստանում. «Վերադարձի ժամը եկել է, ՀՀ տնտեսական դաշտը սպասում է ձեր ներդրումներին: Սա ոչ միայն տնտեսական վերածննդի, այլեւ ազգային անվտանգության հարց է»:

Հայրենադարձություն

«Հայկական կապիտալի ներհոսքին զուգահեռ՝ պետք է մեկնարկի հայրենադարձության գործընթացը: Արտագաղթի անիվը պետք է հետ պտտվի եւ հանգեցնի ՀՀ բնակչության շարունակական աճի: Հայաստանի գոյության ամենակարեւոր նպատակը հայության հիմնական ներուժի կենտրոնացումն է Հայաստանում եւ դրա զարգացումը: Մենք սա համարում ենք հայ ժողովրդի գաղափարախոսության ողնաշարն ու առանցքը: Մենք պետք է բարեփոխումներ իրականացնենք, որոնք ուղղված կլինեն սփյուռքի ներուժն ուղղորդել ոչ միայն ՀՀ տնտեսության, այլեւ պետականաշինության ոլորտում առավել արդյունավետ ներգրավելու համար»,- հայտարարեց Փաշինյանը:

Կադրային քաղաքականություն

«Հայաստանում կան բազմաթիվ պրոֆեսիոնալներ, որոնց ունակությունները չեն օգտագործվել քաղաքական կյանքի լճացման պատճառով: Մենք ոչ միայն չենք պատրաստվում կադրային ջարդ իրականացնել, այլեւ ցանկանում ենք օգտագործել պետական կառավարման համակարգում առկա լավագույն ներուժը: Մենք հույս ենք դնում պետական կառավարման համակարգում առկա պրոֆեսիոնալների վրա»,- ասաց նա:

Ներդրումներ

«Հայաստանում կենտրոնացած է լրջագույն տնտեսական ներուժ: Հայաստանյան բիզնեսը գերեվարված է եղել իշխանական կոռումպացված համակարգի կողմից: Իմ վարչապետ ընտրվելու դեպքում երաշխավորում են բիզնեսի ազատագրումը կոռումպացված համակարգի առջեւ ունեցած պարտավորություններից՝ ակնկալելով, որ այդ միջոցները կդառնան ներդրումներ Հայաստանում:

Մեզ հարկավոր է տնտեսական զարգացման այնպիսի մոդել, որն իրապես կփոխի մարդկանց կյանքը, կդառնա գործազրկության ու աղքատության կրճատման միջոց: Պետք է այնպիսի մոդել, որը կտրուկ կմեծացնի պետբյուջեի միջոցները, ինչն իր հերթին հնարավորություն կտա մտածել թոշակների ու աշխատավարձերի աճի մասին»,- ընդգծեց Փաշինյանը:

Տնտեսության զարգացման մոդել

Փաշինյանը ներկայացրեց տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունները.

1. Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել բարձր տեխնոլոգիաների ոլորտը, ինչի նախադրյալներն առկա են մեր երկրում: Ոլորտի զարգացման ռազմավարական նպատակը պետք է լինի ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը, որն ի վիճակի կլինի ապահովել մեր բանակի մարտունակության եւ ազգային անվտանգության մակարդակի բարձրացումը: Պետք է մտածենք այս ոլորտում հեղափոխական գաղափարների մասին, այնպեսմ ինչպես սմարթֆոնների հեղինակներն էին մտածում: Սա թույլ կտա արագ վերականգնել Հայաստան-Ադրբեջան խախտված հարաբերակցությունը:

2. Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառում պետք է տարածվի ոլորտում, որի նպատակը պետք է լինի չմշակվող հողերի շեշտակի նվազումը: Դրա համար մեխանիզմներ պետք է մտածել, այդ թվում՝ հարկային արտոնություններ սահմանելով: Այս հարցում չափազանց կարեւոր է, որ պետությունն աջակցի գյուղացուն վարկային անտանելի բեռը թեթեւացնելու հարցում: Մենք մտադիր ենք բանկերի հետ ինտենսիվ բանակցություններ սկսել ֆիզիկական անձանց, հատկապես գյուղացիական վարկերի վարկային համաներում իրականացնելու համար:

Անզեն աչքով էլ նկատել է, որ գյուղոլորտում արտահանման ահռելի ներուժ կա, որը չի օգտագործվում առկա մենաշնորհների պատճառով: Գյուղոլորտում եւս մեկ նպատակ կա՝ ոռոգման ջուրը պետք է նույնքան հասանելի լինի, որքան էլեկտրական հոսանքն է հասանելի: Կաթիլային ոռոգումը պետք է համատարած դառնա:

3. Հայաստանում զբոսաշրջության համար ահռելի հնարավորություններ են բացվել՝ շնորհիվ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության: Սա ստեղծում է նախադրյալներ, որ տարվա երկրորդ կեսին զբոսաշրջության աննախադեպ աճ ունենանք: Զբոսաշրջիկների սպասվող աճը բացառիկ հնարավորություն է ստեղծելու փոքր ու միջին բիզնեսի համար:

Առանձնահատուկ կարեւորում եմ ոստիկանության աշխատանքը, որը պետք է ապահովի, որ քրեածին ակտիվությունը ՀՀ-ում ատ արագ հասնի աննախադեպ ցածր մակարդակի: Զբոսաշրջության զարգացման տեսակետից չափազանց կարեւոր է օդային տրանսպորտի գների նվազեցման ուղղությամբ ջանքերի գործադրումը»,- ասաց նա:

Արտաքին քաղաքականություն

«Հայաստանը կշարունակի մնալ ԵՏՄ անդամ, մենք կգործադրենք բոլոր ջանքերը՝ այդ կառույցին ՀՀ անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար: Հայաստանը կմնա նաեւ ՀԱՊԿ անդամ: Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության վրա: Մենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում ենք ՀՀ անվտանգության ապահովման կարեւոր գործոն:

Մեր առաջնահերթություններից է ԵՄ երկրների եւ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը: Հայաստան-ԵՄ համաձայնագրի կիրարկումը բխում է Հայաստանի շահերից: Մենք ամեն ինչ անելու ենք ՀՀ քաղաքացու համար ԵՄ մուտքի արտոնագրի պահանջի վերացման ուղղությամբ:

ԱՄՆ-ի հետ բարեկամական հարաբերություններում մտադիր ենք քայլեր ձեռնարկել փոխգործակցությանը զարկ տալու համար: Կարեւոր են նաեւ Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունները, որոնք նույնպես պետք է խորանան: Մենք խորացնելու ենք հարաբերությունը Չինաստանի հետ եւ այս ուղղությունը համարում ենք շատ կարեւոր»,- ասաց նա:

Արցախի խնդիր

«ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում կարծրատիպերը մեզ համար պարտադիր չեն: Կենսական է Արցախի ժողովրդի՝ իր ճակատագիրն ինքնուրույն որոշելու անքակտելի իրավունքի միջազգային ճանաչումը: Մենք հանձնառու ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, որի հիմքում պետք է ընկած լինի ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքը: Նոր լիցք պետք է հաղորդել Արցախի անկախության միջազգային գործընթացին:

ԵԱՀԿ ՄԽ շրջանակում ես պատրաստ եմ բանակցելու Ադրբեջանի ղեկավարի հետ՝ որպես հիմք ունենալով վերը նշված սկզբունքային դիրքորոշումը: Բանակցությունները չեն կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրանց չի մասնակցում հակամարտության կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը, ինչը նախատեսված է Մինսկի խմբի 1992-ի մանդատով»,- ասաց Փաշինյանը:

Դիվանագիտական աշխատանք

«Հայկական դիվանագիտական կորպուսում պետք է բացառվի ոչ կադրային դեսպանների ու հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագետները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին»,- ասաց նա:

Բանակ եւ անվտանգություն

«ՀՀ բանակում ծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ պետք է վերացվի: Իմ առաջին հանձնարարականներից մեկը լինելու է շատ արագ միջոցներ ձեռնարկել՝ բացառելու համար զինծառայողի կարիք բավարարումը ծնողի վրա դնելը: Բանակը պետք է ապահովի զինվորին ամեն ինչով:

Բանակում յուրաքանչյուր միջադեպ պետք է պրոֆեսիոնալ ուսումնասիրման առարկա դառնա: Պետք է այնպես անել, որ բանակից զինծառայողը քաղաքացիական կյանք վերադառնա ավելի բարձր կրթական ցենզով, քան ունեցել է զորակոչվելիս»,- ասաց Փաշինյանը:

«Հենց այսօր պատրաստվում եմ լսել Զինված ուժերի եւ ԱԱԾ կառույցների ղեկավարների զեկույցը մեր երկրի անվտանգության վերաբերյալ: Կասկած չունեմ, որ հեղափոխությունը բարձրացրել է անվտանգության մակարդակը եւ բանակի մարտունակությունը»,- ընդգծեց նա:

Կրթություն

Կրթության ոլորտում կան լրջագույն խնդիրներ. Դրանցից առաջինը դպրոցների ու բուհերի կուսակցականացումն է, որին պետք է շտապ վերջ դնել: Դպրոցների, բուհերի քաղաքական գործառույթը պետք է լինի ազատ քաղաքացի դաստիարակելը: Բուհերին պետք է տրվի լիարժեք ակադեմիական ինքնակառավարում»,- նշեց Փաշինյանը:

Առողջապահություն

Առողջապահության ոլորտի բարեփոխումներում պետք է կարողանանք հասնել այնպիսի արդյունքի, որ բուժման կարիք ունեցող որեւէ մեկը հիվանդանոցի դռներին չմնա»,- ասաց Փաշինյանը:

Երթեւեկություն եւ տուգանքներ

«Երթեւեկության կանոնների խախտման համար ՀՀ քաղաքացիներին տարեկան միլիոնավոր տուգանքներ են նշանակվում, ինչից կարող է տպավորություն ստեղծվել, որ Հայաստանում ապրում են բացառապես օրինախախտներ: Այս աբսուրդ վիճակն ուղղակիորեն հարվածում է ՀՀ քաղաքացիների գրպանին: Նպատակը պետք է լինի ոչ թե մարդկանց տուգանելը, այլ զգոնությունը բարձրացելը, փոխըմբռնման հասնելը: Տուգանքներն իրենց չափով պետք է համապատասխանեն ՀՀ-ում ստեղծված սոցիալական իրավիճակին եւ տրամաբանությանը: Հայաստանը քաղաքացուն տուգանող պետությունից պետք է վերածվի նրան օժանդակողի»,- հայտարարեց Փաշինյանը: