Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության քննարկումներին ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

«Այսօր հիրավի պատմական օր է։ Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ, եւ դրանք անդառնալիորեն գալիս են»,- ասել է նա եւ հավելել. «Որոշակի անորոշության, տխրության մթնոլորտ կա Ազգային ժողովում, բայց դա միայն այս շենքում է։ Մենք բոլորս պիտի ուրախանանք՝ անկախ քաղաքական հայացքներից, կուսակցական պատկանելիությունից։ Մենք ունենք հնարավորություն՝ բոլորս լծվելու այդ փոփոխություններին, այդ փոփոխությունները նյութականացնելու, ժողովրդի կյանքը բարելավելու համար»։

Մարուքյանը նշել է, թե ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր, եւ անհնար էր այդ համակարգով որեւէ բան շարժել առաջ։ «Համակարգը քանդվել է, եւ մենք հնարավորություն ունենք կառուցելու նորը։ Ես գիտեմ, որ ունենալու ենք օրեր, երբ նոր կառավարությանը հնարավորինս խանգարելու են իր ծրագրերը իրագործելու, փորձելու են այնպես անել, որ այս զարթոնքը տեղ չհասնի։ Վստահեցնում եմ, որ այդ ջանքերը չեն հաջողելու»,- նշել է Մարուքյանը։

Նա ասել է, թե «Ելք»-ը կանգնած է հեղափոխության, Նիկոլ Փաշինյանի թիկունքում եւ աջակցելու են փոփոխություններին։