Տղամարդիկ, ովքեր փորձում են իրենց կարգավիճակը շքեղ ավտոմեքենայի միջոցով ցույց տալ, ոչ տղամարդկանց ոչ էլ կանանց կողմից չեն ընկալվում որպես լուրջ հարաբերություններին պատրաստ անձնավորություններ: Այս եզրակացությանն են հանգել գիտնական ամուսիններ Ջեսիկա եւ Դենիել Կրյուգերները: Նրանց աշխատանքի արդյունքները հրապարակվել են Evolutionary Psychological Science ամսագրում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ուսումնասիրությանը երկու սեռից  233 մարդ է մասնակցել: Նրանք պետք է գնահատեին «զուսպ Դենի» եւ «ցուցամոլ Դեյվի» կերպարները:

Արդյունքում երկարատեւ հարաբերությունների մասին կետի համար Դենը 80 միավորներից ստացել է 67, իսկ Դեյվը 43 միավոր: Հարցվածների մեծամասնությունը վտսահ է, որ Դեյվի նման տղամարդիկ ավելի հակված են անկանոն սեռական հարաբերություններին եւ վստահություն չեն առաջացնում:

 «Սա փաստում է պատկերացումներն այն մասին, որ իրենց միջոցները ցուցադրող տղամարդիկ, գրավիչ են կանանց համար, քանի որ վկայում են զուգընկերոջ կամ երեխայի համար ապագա ներդրումների մասին », — նշել է Ջեսիկան: