Վարդան Արամյանը վայր է դնում ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները։

Նա հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ կառավարության կազմում ինձ վստահվել էր զբաղեցնել ֆինանսների նախարարի պաշտոնը, որին վերաբերվել եմ մեծ պատասխանատվությամբ:

Մեր թիմով նպատակադրվել էինք լուծել մեր երկրի համար մի շարք առանցքային խնդիրներ, դիմակայել մարտահրավերներին եւ դրանք պատվով հաղթահարել: Այս կարճ ժամանակահատվածում փորձել եմ անել հնարավորը պետական ֆինանսների կառավարման ոլորտում դրական զարգացումներ գրանցելու համար` ի նպաստ մեր երկրի ապագայի:

Վայր եմ դնում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները՝ հույս ունենալով, որ նոր կառավարությունը կշարունակի արդյունավետ լուծումներ գտնել մեր երկիրն առավել բարեկեցիկ ու տնտեսապես կայուն դարձնելու բարդ եւ պատասխանատու գործում:

Շնորհակալ եմ ՀՀ ֆինանսների նախարարության ողջ անձնակազմին նվիրումի, բարձր արհեստավարժության եւ արդյունավետ աշխատանքի համար: Շնորհակալ եմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին իրենց օպերատիվ եւ անաչառ լուսաբանման համար: Շնորհակալ եմ նաեւ բոլոր նրանց, ում հետ պատիվ եմ ունեցել աշխատել:

Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, տնտեսական կայունություն եւ զարգացման նոր հեռանկարներ, իսկ նոր կառավարությանը՝ հաջողություններ իր նախաձեռնություններում եւ ջանքերում: Միաժամանակ վստահեցնում եմ, որ ամենայն պատասխանատվությամբ կատարելու եմ նախարարի պաշտոնակատարի բոլոր գործառույթները մինչեւ նորանշանակ նախարարի կողմից սույն պաշտոնի ստանձնումը՝ սահուն անցումն ապահովելու համար»,- նշել է Վարդան Արամյանը։