«Սասնա ծռերի» գործով 11 ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու միջնորդության  որոշումը դատարանը կհրապարակի այսօր՝ մայիսի 11-ին, ժամը 17:45-ին: Այս մասին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հայտարարեց գործով նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը եւ հեռացավ խորհրդակցական սենյակ:

Մինչ այդ ամբաստանյալ Վարդան Գերավետյանն էլ խոսքով դիմեց դատավոր Արշակ Վարդանյանին՝ եւ ասաց, որ նա էլ կարող է այսօր հեղափոխություն անել դատական համակարգում. «Եթե դուք այսօր այդ որոշումը չկայացնեք, ապա ժողովուրդը կստիպի ձեզ կայացնել այդ որոշումը»:

Նշենք, որ այսօր բոլոր փաստաբանները իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն  են ներկայացրել դատարանին նշելով, որ քաղաքական իրավիճակ է երկրում փոխվել եւ այլեւս հիմքեր չկան նրանց անազատության մեջ պահելու:

Դատական  նիստերի դահլիճն այսօր լեփ-լեցուն էր «Սասնա ծռերի» աջակիցներով եւ բարեկամներով, նրանք ասացին, որ մնալու են մինչեւ դատարանը հրապարակի որոշումը:

Մեղադրող Հակոբ Ենոքյանn էլ  հայտարարել է, թե չի առարկում միջնորդությանը, բայց, նրա խոսքով, երկրում իրավիճակ փոխվելով՝ չեն փոխվել գործի փաստական հանգամանքները, նոր փաստեր ի հայտ չեն եկել, որոնք թույլ կտային փոխել ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը:

Նշենք, որ «Սասնա ծռերի» 11 ամբաստանյալների գործը, որը քննվում էր դատավոր Արթուր Օհանյանի գլխավորությամբ, այժմ փոխանցվել է դատավոր Արշակ Վարդանյանին եւ նորից քննվում է: Արթուր Օհանյանի լիազորությունները դադարեցվել էին առողջական խնդիրների պատճառով: