Մի քանի տասնյակ առեւտրականներ այսօր՝ հունվարի 19-ին քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա են կազմակերպել, բողոքելով նոր քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ փողոցային առեւտուրը վերացնելու որոշման դեմ:

«Քաղաքապե՜տ, մի վախեցիր, դուրս եկ, ժողովուրդն անզեն է» ցուցապաստառները պարզած քաղաքացիները քաղաքապետարանի մուտքի մոտ վանկարկել են «աշխատանք» եւ «հրաժարական»:

Քաղաքացիները պահանջել են, որ քաղաքապետը անձամբ դուրս գա եւ պատասխան տա, հակառակ դեպքում իրենք կմտնեն քաղաքապետարան:

Սակայն Կարապետյանին տեսնելու նրանց ջանքերը զուր են անցել, քանի որ ոստիկաններն արգելել են ցուցարարներին շենք մտնել:  

Ի տարբերություն քաղաքացիների, լրագրողների հետ ամեն դեպքում հանդիպում եղել է: Առեւտրի եւ սպասարկման վարչության պետ Հովհաննես Ղալեչյանն ասուլիս է կազմակերպել եւ որոշ պարզաբանումներ ներկայացրել տվյալ խնդրի հետ կապված: