Դավիդ Յուրչենկոյի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականին միանալու ոդիսականը տեւում է արդեն մի քանի տարի։ Ֆուտբոլիստին հրավիրում են, նա չի գալիս, հետո նա է ցանկանում միանալ, բայց Ռուսաստանում գործում է լեգեոներների թիվը սահմանափակող օրենք։

Մայիսի 11-ին հրապարակվեց արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների ցանկը, ում Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Վարդան Մինասյանը ցանկանում է տեսնել հավաքականում։ Դավիդ Յուչենկոն կրկին հրավիրվածների ցանկում է, բայց կարծես այս անգամ էլ մենք նրան չենք տեսնի։

NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հարցին՝ արդյոք այս անգամ նա կմիանա՞ հավաքականին, ֆուտբոլիստը խնդրեց այդ հարցով դիմել Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային․

«Մենք ՀՖՖ-ի հետ զրուցել ենք, եւ նրանք ասել են, որ կլուծեն իմ հարցը, ինչից հետո ես մեծ հաճույքով կմիանամ հավաքականին։ Բայց մինչ այս պահը այդ հարցը լուծված չէ»- ասաց Յուչենկոն։

Մեր հարցմանը, թե որքանո՞վ է լուծված Յուրչենկոյի գալու հարցը եւ ինչ սպասելիքներ ունի ֆուտբոլիստը, ՀՖՖ-ի մամուլի ծառայությունից մեզ պատասխանեցին, որ այսօր ասուլիսին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը արդեն պատասխանել է այդ հարցին։ Մասնավորապես նա ասել է, որ Յուչենկոյի հետ խոսել են եւ նա տվել է իր համաձայնությունը։

Դավիդ Յուրչենկոյի չգալու մասին խոսվում է, որ նա ՀՖՖ-ից ֆինանսական ակնկալիքներ ունի եւ սպասում է, որ իրեն կօգնեն թիմ գտնել, քանի որ ամենայն հավանականությամբ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում նա այլեւս հանդես չի կարողանա գալ։ Արդյոք դա այսպե՞ս է, հարցին, Յուրչենկոն պատասխանեց․

«Այստեղ գումարի հարց չկա, հարցը իմ հետագա ապագային է վերաբերում, թե որտեղ եմ հանդես գալու։ Եթե ես չունենամ մշտական խաղային պրակտիկա, ապա ինչպե՞ս կարող եմ խաղալ հավաքականում եւ օգուտ բերել։  Ես չգիտեմ իմ ապագան ակումբի հետ կապված։ Հարցն ուղեք ֆեդերացիային»։