Վերջին օրերին Վրաստանը բախվեց քաղաքական եւ վարչական գործողությունների լիակատար տապալման հետ: Այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին՝ կապված Թբիլիսիում գիշերային ակումբներում ոստիկանական շուրջկալներից հետո բողոքի ցույցերի հետ, փոխանցում է «Գրուզիա օնլայնը»:

Նա հարց է հնչեցրել, թե իշխանություններին ինչպես հաջողվեց մի քանի ժամում քաղաքացիական դիմակայության հասնել: «Բնականաբար, այս հարցերը շատ ուղիղ պատասխանների կարիք ունեն: Ինչպե՞ս կարելի է մի քանի ժամում այնպես անել, որ հասնեք քաղաքացիական դիմակայության գրեթե սահմանին: Համապատասխանաբար մեր նպատակը եղել եւ մնում է խոսքի ու արտահայտվելու ազատության պահպանումը, միեւնույն ժամանակ, կարգի պահպանումը՝ ինչպես մայրաքաղաքի փողոցներում, այնպես էլ հասարակական-քաղաքական գործընթացում»,- հայտարարել է Մարգվելաշվիլին՝ շնորհակալություն հայտնելով ցույցերի անվտանգությունն ապահոված ոստիկաններին:

Ուրբաթ «Բասիանի» եւ «Գալերի» գիշերային ակումբներում հատուկ գործողության դեմ սկսված ակցիան շարունակվել է 2 օր: Մասնակիցները պահանջել են Վրաստանի ՆԳ նախարարի եւ վարչապետի հրաժարականը: Նրանց գլխավոր պահանջն ուղղված էր թմրաքաղաքականության բարեփոխմանը եւ բռնության դեմ: ՆԳ նախարարը դիմել է ցուցարարներին եւ ներողություն խնդրել, ինչպես նաեւ խոստացել է, որ կպատասխանի ցուցարարների բոլոր հարցերին: Ցուցարարները ցրվել են նախարարի հետ համաձայնության հասնելուց հետո: «Սպիտակ աղմուկ» շարժումը խոստումները կատարելու համար իշխանություններին ժամկետ է տվել մինչեւ շաբաթվա վերջ: