ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը եւ Սասուն Միքայելյանը ձերբակալվել են ապօրինի հավաքներ կազմակերպելու, իրականացնելու համար: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստում դատախազության 2017 թվականի հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարությանը հարց ուղղեց. «Պատգամավորների ձերբակալման, իսկ Նիկոլ Փաշինյանի դեպքում առեւանգման, քանի որ չգիտեինք, թե որտեղ է նա, գործն ի՞նչ փուլում է, ինչի՞ համար էիք փորձում ձերբակալել պատգամավորներին, ի՞նչ միջնորդություն եք ներկայացրել ԱԺ նրանց անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, ո՞ւր է այդ միջնորդությունը»:

Ի պատասխան գլխավոր դատախազն ասաց, որ ԱԺ պատգամավորները ձերբակալվել են ապօրինի հավաքներ կազմակերպելու, իրականացնելու համար. «Ձերբակալումից հետո նրանք իրավունք ունեն զանգով տեղեկացնելու իր գտնվելու վայրը: Այդ նույն նորմով սահմանված է մի առանձին բացառություն, որ անհրաժեշտության դեպքում վարույթ իրականացնող քննիչը իր վերադասի համաձայնությամբ այդ իրավունքը կարող է երկարաձգել 12 ժամով: Որքան ինձ հայտնի է, դա պահպանվել է:

Իմ կողմից միջնորդություն է ներկայացվել Ազգային ժողով, բայց միջնորդությունը ներկայացվել է միայն Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ: Դրանից հետո վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը գրավոր դիմեց ինձ համապատասխան հիմնավորումներով, չնախաձեռնել խորհրդարանում քննարկումներ: Ես նամակ եմ հղել ԱԺ նախագահին, որ այդ հարցը օրակարգից հանվի եւ նույն օրը նրանք ազատ են արձակվել»:

Իր հերթին Էդմոն Մարուքյանը նկատեց, որ դա, փաստորեն եղել է որոշում քաղաքական նկատառումներով. «Դուք քաղաքական նկատառումներով եք նրանց ձերբակալել, եւ հիմա պարզվեց, որ քաղաքական նկատառումներով էլ ազատ եք արձակել: Այսինքն վարչապետի պաշտոնակատարը ձեզ դիմել է, դուք էլ՝ Ազգային ժողովին: Սա քաղաքական պրոցես է, ոչ մի իրավական բան չկա այստեղ: Ո՞վ է ձեզ հրաման տվել, որ միջնորդություն ներկայացնեք ԱԺ»:

Արթուր Դավթյանը հակադարձեց, որ ոոչ մի քաղաքական նկատառում չի եղել. «Ինձ ոչ ոք ոչինչ չի հանձնարարել: Ես իրականացրել եմ մասնագիտական գործունեություն: Իսկ միջնորդությունը հետ վերցնելու մեջ քաղաքական նշանակություն կա: Այստեղ էլ հարցն իրավական է, եթե գործ ունենք քաղաքական մարմնի թույլտվությամբ անձեռնմխելիությունից զրկելու հետ, այդտեղ քաղաքական էլեմենտ կա: Իշխող քաղաքական ուժի փոխնախագահը միջնորդում է, որ այդ միջնորդությունը չքննարկվի, սա ինձ համար նշանակում է, որ իմ միջնորդությունը մերժվելու է: Այդ դեպքում իմաստը ո՞րն է միջնորդությունը շարունակելու»:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ի առավոտյան Արցախի փողոցից իրավապահները ձերբակալել էին ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին եւ Արարատ Միրզոյանին: Դրանից ժամեր անց նրանք ազատ արձակվեցին, իսկ հաջորդ օրը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական ներկայացրեց: