Ես չեմ հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով այդ մասին մամուլի հրապարակումներին:

«Նման քննարկում չի եղել, չգիտեմ որտեղից մամուլում նման նյութ էր եղել: Ես ինքս չեմ հավակնում ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնին եւ այն, ինչ որ հիմա տեղի է ունենում, դրա հետ կապ չունի: Մենք դեռ նախորդ տարվանից այս հարցերը բարձրացնում ենք: Մենք մեր օրակարգում չունենք որեւէ պաշտոնյայի անվստահություն հայտնելու հարցեր: Բայց հիմա ունենք հարցեր, որոնք ներկայացնում ենք, եւ որոնց պատասխանները չեն գոհացնում որեւէ մեկին»,-ասաց Մարուքյանը:

Նա նկատեց, որ գլխավոր դատախազն ունի իր գործառույթները, որը պետք է իրականացնի անկախ քաղաքական ուժերի վերադասավորումներից. «Մենք հիմա պարզապես փաստում ենք, որ իրավապահ մարմինները ծառայեցվել են այդ պահին եղած քաղաքական իշխանությանը»:

Մարուքյանը նշեց, որ այս պահին դատախազին փոխելու մեխանիզմների քննարկում չեն ունեցել խմբակցությունում. «Դա խմբակցությունում քննարկելու հարց է: Եթե գլխավոր դատախազը հրաժարական տա, կսկսվի պրոցես»:

Ինչ վերաբերում է ընտրովի մարմինների ղեկավարների փոփոխությանը, արդյոք հնարավոր է ստիպել նրանց հրաժարական տալ, Մարուքյանը պատասխանեց. «Որեւէ բան չեմ բացառում»: