Ես որեւէ քաղաքական կախվածություն չեմ ունեցել, չունեմ, եւ որքան կաշխատեմ, չեմ ունենա: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Անդրադառնալով կառավարության փոփոխությանը եւ նոր կառավարության հետ իր աշխատանքին, նա նշեց. « Անկախ մարմինները, այդ թվում դատախազությունը, պետք է անկախ լինեն առաջին հերթին գործադիր իշխանությունից: Երկրում փոխվել է գործադիր իշխանությունը եւ եթե դա պետք է մեխանիկորեն բերի անկախ մարմինների ղեկավարների փոփոխության, ուրեմն կարծում եմ՝ իրավական մտքի զարգացումը, որը զետեղված է առաջադեմ երկրների Սահմանադրություններում, ուղղակի միֆ է»:

Հարցին, թե ինչո՞ւ այն ժամանակ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին ձերբակալեցին հենց Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումից անմիջապես հետո, դատախազը պատասխանեց. «Իրավական առումով դա որեւէ նշանակություն չունի: Գործի նյութերով ոստիկանությունը եւս մեկ անգամ որոշում էր կայացրել հավաքն ապօրինի լինելու պատճառով դադարեցնելու վերաբերյալ: Չկատարվեց դադարեցնելու պահանջը, որից հետո իրավապահները կատարեցին իրենց գործառույթը»:

Դիտարկմանը, որ նախօրեին ՀՀ ոստիկանապետը Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ հավաքներն անօրինական չեն եղել, պարզապես երբեմն շեղվել են երթուղուց, Արթուր Դավթյանը չհամաձայնեց՝ նշելով. «Առնվազն երեք օրերի վերաբերյալ այդ փաստերով գործեր հարուցվեցին: Հավաքների ազատության մասին օրենքը սահմանում է, որ եթե հավաքներն անհամաչափորեն սահմանափակում են այլոց իրավունքներն ու ազատությունները, ապա դրանք արդեն օրինական չեն:

Նույն ոստիկանությունը շուրջ 40 հայտարարություն արեց, որտեղ կոնկրետ դեպքերին գնահատական տալով որպես անհամաչափ սահմանափակող հավաքներ: Ապօրինությունը ոչ այնքան երթուղուց շեղվելն է, ոչ էլ իրազեկում չլինելը, այլ այն, թե որքանով են սահմանափակվում այլոց իրավունքները եւ հասարակական կարգը»:

Իսկ ինչո՞ւ ազատ արձակվեցին ձերբակալված պատգամավորները հարցին էլ, արձագանքեց. «Մենք չէինք կարող անհաղորդ մնալ այն իրավիճակին, որ ստեղծված էր Հայաստանում: Վաղն էլ են դրանք ազդեցություն ունենալու, բայց միայն այնքանով, որքանով թույլ են տալիս իրավական կարգավորումները »: