Կարծում եմ՝ խորհրդարանը հավանություն կտա կառավարության ներկայացրած ծրագրին: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Չպետք է որեւէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»,-ասաց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաեւ կառավարության անդամների երիտասարդ լինելուն. «Իմ մասին էլ են ասում երիտասարդ եւ կառավարման փորձ չունեցող։ Մենք նոր էջ ենք սկսում երկրում։ Կարծում եմ կառավարության  կազմն էլ բալանսավորված է։ Եվ փորձվածները, եւ անփորձները նախարար լինելու մեջ են անփորձ, ոչ թե կյանքի ու քաղաքական գործունեության մեջ, իսկ նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գործունեություն է եւ ես համոզված եմ, կառավարությունը կաշխատի արդյունավետ: Եթե  արդյունավետության հետ կապված խնդիրներ կծագեն նախարարների ու պաշտոնյաների հետ, այդ խնդիրները արագ կլուծվեն»:

Ինչ վերաբերում է ԱԺ արտահերթ ընտրությունների ժամկետներին, նա ասաց. «Կարծում եմ այս տարի»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարզպետներ կնշանակի ոչ միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այլեւ Դաշնակցությունից եւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունից: