Նիկոլ Փաշինյանն այսօր նորանշանակ նախարարներին ներկայացրել է գերատեսչությունների աշխատակիցներին, իսկ փոխվարչապետերին՝ կառավարության աշխատակազմին: Վարչապետը ներկայացրել է այն չափանիշները, որոնցով պետք է աշխատեն իր գլխավորած կառավարության անդամները:

Ֆինանսների նախկին եւ նոր նախարարները, պարզվում է, Նիկոլ Փաշինյանին հաճելի անակնկալ են մատուցել. վարչապետը տպավորված է, որ վերջին շրջանի քաղաքական գործընթացի ժամանակ կարողացել են ապահովել նախարարության անխափան գործունեությունը: Կրթություն նախարարությունում էլ Նիկոլ Փաշինյանը խոսել է մի խնդրի մասին, որին նախկինում էլի է անդրադարձել. ոլորտի ներքաշվածությունը քաղաքական գործընթացներում, որն անթույլատրելի է համարում:

Լրագրողներն էլ Նիկոլ Փաշինյանին հարցրել են կառավարության կազմի նշանակումների տրամաբանության մասին: Շատ է խոսվում հատկապես այն մասին, որ անփորձ, երիտասարդ կադրեր են նշանակվել: Վարչապետը կարծում է, որ կառավարության կազմը հավասարակշռված է: Դեռեւս ցույցերի օրերին Փաշինյանը խոսում էր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին: Ե՞րբ կարող են դրանք անցկացվել, եւ արդյո՞ք կանցկացվեն ընդհանրապես:

Ինչո՞ւ եւ ի՞նչ հիմքով «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը ապրիլի 22-ին ձերբակալվեցին, ապա ազատ արձակվեցին: Ազգային ժողովում գլխավոր դատախազության 2017 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ Արթուր Դավթյանին այս մասին հարցրել է Էդմոն Մարուքյանը: Մարուքյանը պնդում է, որ պատգամավորների ձերբակալությունն ու ազատ արձակումը քաղաքական նկատառումներով է եղել: Նա գլխավոր դատախազից նաեւ պահանջել է պարզաբանել, թե ով է իրեն հրահանգել դա անել:

Նախկին կառավարության անդամների հրաժարականի ֆոնին նաեւ գլխավոր դատախազի հրաժարականի պահանջ է հնչում: Արթուր Դավթյանը, սակայն, չի պատրաստվում հրաժարական տալ: Կարծում է, որ դրա համար հիմքեր չկան: Նրա հրաժարականի պահանջի քննարկում «Ելք»-ում նույնպես չի եղել:

Մամուլում հրապարակումներ կային, որ գլխավոր դատախազի պաշտոնում կարող է առաջադրվել Էդմոն Մարուքյանը: Պատգամավորը, սակայն, պնդում է, որ նման հավակնություններ չունի:

Մայիսի 13-ին Արցախում հակառակորդի կրակոցից ծանր վիրավորում ստացած Շամխալ Պետրոսյանը վիրահատվել է, վիճակը կայունանալուց հետո Ստեփանակերտից Երեւան տեղափոխվել: Սերժանտի վիճակը, սակայն, շարունակում է ծանր մնալ: Պաշտպանության նախարարության ռազմաբժշկական վարչության պետը, միաժամանակ, դժվարանում է հիմա ասել, արդյո՞ք զինծառայողին հաշմանդամություն սպառնում է:

Արցախում օպերատիվ-մարտավարական զորավարժություններ են մեկնարկել: Դրանց մասնակցում են Հայաստանի Զինված ուժերի եւ Արցախի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր: Պայմանական իրադրության համաձայն՝ ստորաբաժանումները հակառակորդի ակտիվ կրակային ազդեցության պայմաններում պաշտպանողական մարտ են վարել, անցել հակագրոհի եւ վերականգնել առաջնագիծը: Նշենք, որ այս զորավարժությունների ընթացքում փորձարկվել եւ կիրառվել են նաեւ մի շարք նոր զինատեսակներ: Պաշտպանության բանակի տեղեկացմամբ՝ դրանք բարձրացրել են կրակային խոցման արդյունավետությունը:

Շիրակի պետական համալսարանում վերջին շրջանում ստեղծված լարված իրավիճակը, կարծես, հանգուցալուծվում է. բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական է տվել: Համալսարան այցելած կրթության նորանշանակ նախարարը տեղեկացրել է, որ առաջիկայում ռեկտորի նոր ընտրություններ կանցկացվեն: Բուհի ներքին խնդիրներն այս կերպ քննարկելը Արայիկ Հարությունյանն անընդունելի է համարում եւ կոչ է անում զերծ մնալ լարվածությունից: Նախարարը պատրաստվում է ռեկտորի պաշտոնակատարի հետ քննարկել նաեւ բուհից հեռացված երկու դասախոսների՝ Գագիկ Համբարյանի եւ Հովհաննես Խորիկյանի վերականգնման հնարավորությունը: Հավելենք, որ Շիրակի պետհամալսարանում բողոքի ակցիաներ էին անցկացվում շուրջ երկու շաբաթ. մասնակիցները պահանջում էին ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը:

Դոլարի անկումը շարունակվում է, նրան են միացել նաեւ եվրոն եւ ռուբլին: Մայիսի 15-ին դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 577, ռուբլունը՝ 7 դրամ 83 լումա, ֆունտինը՝ 656 դրամ:

Մայիսի 16-ին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ կլինեն: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +10+12, ցերեկը՝ +22+24 աստիճան տաքություն: