Բաղրամյան պողատայում, վարչապետի նստավայրի մոտ տաքսու վարորդները մասնակիորեն փակել են պողոտան: Նրանք պահանջում են խստացնել տաքսի ծառայություն մատոցուղների լիցենզավորման կարգը, որպեսզի այն տարածվի տաքսի ծառայություն մատուցող բոլոր ընկերությունների վրա:

Նրանք նաեւ բողոքում են կարմիր գծերի դեմ, պահանջում են հանել ճանապարհային խախտումների համար կուտակված տուգանքները: Նրանք պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Բաղրամյան պողոտայում են նաեւ զինկոմիսարիատների օպտիմալացման դեմ բողոքողները: Նրանք եւս պահանջում են հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Կառավարության շենքի դիմաց զինկոմիսարիատների օպտիմալացման հետեւանքով աշխատանքը կորցրած անձինք բողոքի ակցիա են իրականացրել: Նշենք, որ որոշ մարզային զինկոմիսարիատներ փակվել են եւ մի քանի զինկոմիսարիատների փոխարեն մնացել է մեկը: Ցուցարարները նշել են, որ իրենց խոստացել են ապահովել աշխատանքով, սակայն խոստումը չեն կատարել:

Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ընդունել է ակցիայի մասնակիցներին, լսել նրանց բողոքը եւ խորհուրդ տվել գնալ պաշտպանության նախարարություն՝ հավաստիացնելով, որ նրանց կընդունեն:

Նշենք, որ կառավարության որոշմամբ 44 զինկոմիսարիատներից մնացել է 14-ը: